Հայերեն | Русский | English

Սեփական առողջության վերահսկում. վահանաձև գեղձի պլանային ՈւՁՀ

2016-10-11

Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) իրենից ներկայացնում է մասնագիտացված բժշկական գործողություն, որի ժամանակ վահանաձև գեղձի հյուսվածքում կարող են հայտնաբերվել բազմաբնույթ ախտաբանական գործընթացներ: Հարկ է նշել, որ այն մարդու օրգանիզմի կարևորագույն օրգաններից է: Վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացման պատճառ կարող են լինել բնածին արատները, թունավորումները, յոդի ցածր պարունակությամբ տարածաշրջաններում ապրելը:

Վահանաձև գեղձը ներզատական համակարգի օրգաններից մեկն է, արտադրում է կենսական կարևոր նշանակություն ունեցող եռյոդթիրոնին և թիրոքսին հորմոնները, որոնք կարգավորում են կենտրոնական նյարդային համակարգիի, սրտի և անոթների աշխատանքը, աղեստամոքսային ուղու, սեռական օրգանների գործունեությունը:

Հետևյալ ախտանիշները վկայում են այն մասին, որ անհրաժեշտ է ՈւՁՀ իրականացնել.

  • կարճ ժամանակահատվածում քաշի կտրուկ անկում կամ` ավելացում, ախորժակի ուժեղացում կամ` լիովին բացակայություն,
  • սուբֆեբրիլ ջերմություն, ծանրաբեռնվածության ժամանակ առատ քրտնարտադրություն,
  • կոկորդում օտար մարմնի կամ գնդի առկայության զգացողություն, շնչահեղձության նոպաներ,
  • մազերի և եղունգների չորություն, մաշկի թեփոտում,
  • տրամադրության անկումներ, տագնապային վիճակներ, հաճախացած սրտխփոց:

Եթե առկա է վերը նշված ախտանիշներից գոնե մեկը, ապա հարկ է այցելել ներզատաբանի՝ վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն իրականացնելու և օրգանիզմում որոշակի հորմոնների մակարդակը որոշելու համար:

Ինչու՞ է անհրաժեշտ իրականացնել ՈւՁՀ

Վահանաձև գեղձի ՈւՁՀ-ն օգնում է օպերատիվ կերպով վաղ շրջանում հայտնաբերել օրգանի ախտաբանությունները մինչև խպիպի զարգանալը: Ճիշտ իրականացված ախտորոշումը և ստացված արդյունքների համապատասխան մեկնաբանումն օգնում են հիվանդի համար ընտրել բուժման լավագույն համալիր՝ հիվանդության զարգացման կանխարգելման և առողջական վիճակի կայունացման նպատակով:

Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներն առաջ են բերում հետևյալ հիվանդությունները.

  • Հիպերթիրեոզ: Պայմանավորված է օրգանի ներզատական ֆունկցիայի չափազանց ակտիվ աշխատանքով: Այն բերում է ներքին օրգաննների աշխատանքի լուրջ խանգարումների և օրգանիզմում տեղի ունեցող հիմնական նյութափոխանակության գործընթացների խանգարումների:

  • Հիպոթիրեոզ: Վահանաձև գեղձի դիսֆունկցիա է, որը բերում է նյութափոխանակության դանդաղեցման և հիմնական հորմոնների անբավարարության:

  • Թիրեոտոքսիկոզ: Ախտաբանություն, որը մարդու մոտ բերում է թունավոր խպիպի առաջացման:

  • Վահանաձև գեղձի բորբոքում՝ թիրեոիդիտ:

Ընդհանրապես, դասակարգումն ընդգրկում է վահանաձև գեղձի բազմաթիվ հիվանդություններ: Փաստ է այն, որ դրանք բավականին վտանգավոր են առողջության և նորմալ կյանքի համար: Հիվանդը կարող է տառապել հանգուցավոր խպիպով կամ վահանաձև գեղձի տարածուն մեծացմամբ, սակայն վատ ինքնազգացողությունը պայմանավորվում է ճնշման բարձրացմամբ, մրսածությամբ կամ շատակերությամբ` քողարկելով լուրջ ախտաբանությունները, որոնք էլ վաղ շրջանում կարելի է հայտնաբերել վահանաձև գեղձի ՈւՁՀ միջոցով:

Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը

Հետազոտությունն իրականացվում է հատուկ սենյակում: Հիվանդը պառկում է մեջքի վրա, պարանոցի տակ բարձ է դրվում, որն օգնում է անշարժացնել գլուխը: Ապա մասնագետը պարանոցի շրջանում քսում է հատուկ բաղադրությամբ նյութ, որը հնարավորություն է տալիս լավացնել վահանաձև գեղձից դուրս եկող ուլտրաձայնային ազդանշանը: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մոնիտորին տեսանելի է օրգանի երկչափ պատկերը: Հետազոտության արդյունքները բժշկի կողմից վերլուծվում, ախտորոշում, ուրվագծվում է հիվանդության պատկերը:

Ներզատաբանները խորհուրդ են տալիս վահանաձև գեղձի ՈւՁՀ անցնել յուրաքանչյուր օրացույցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ, քանի որ այս հետազոտությունն օգնում է ապագայում խուսափել առողջական լուրջ խնդիրներից: Եթե խոսենք վնասակար ազդեցությունից, հարկ է նշել, որ ՈւՁՀ իրականացնելու դեպքում այն բացակայում է: Սա անցավ, կարճատև գործողություն է, որը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել վահանաձև գեղձի վիճակի մասին: Այն ցուցված է ինչպես մեծահասակներին, այնպես էլ` երեխաներին:

2016-10-11

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »