Հայերեն | Русский | English

Ինչպե՞ս են հետազոտում հիվանդ անոթները

2017-01-21

Դուպլեքս սքանավորումն ՈՒՁՀ սարքի աշխատանքային ռեժիմ է, որի դեպքում միաժամանակ ստացվում են սև-սպիտակ պատկերներ և անոթների պատկերները՝ շարժվող արյան հետ միասին:
Անոթային հետազոտությունների համար կիրառվող ուլտրաձայնային եղանակների հիմքում Դոպլերի էֆեկտն է, որը նկարագրվել է Քրիստիան Դոպլերի կողմից 1842 թվականին: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ արյան հոսքի գրանցման հիմքում արյան շարժվող մասնիկներից անդրադարձած ուլտրաձայնային ազդակի հաճախության փոփոխությունն է. այդ մասնիկների հիմնական մասը կազմում են էրիթրոցիտները: Դուպլեքս սքանավորմամբ հնարավորություն է ընձեռվում օրգանիզմի գրեթե բոլոր անոթներում արյան հոսքի մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ:

Ինչպես խոռոչային, այնպես էլ ենթամաշկային անոթների ցանկացած հետազոտություն կրում է նաև «դոպլեր» անվանումը՝ ի պատիվ հայտնագործողի:

Տարբերում են դոպլերի մի քանի տեսակ.

Ուլտրաձայնային դոպլերագրություն: Դա անոթների հետազոտություն է՝ հիմնված նրանց ուսումնասիրության արդյունքում ստացված գրաֆիկայի վրա, այսինքն, անոթի ուղղակի տեսանելիությունն այս դեպքում բացակայում է: Ախտորոշման այս տեսակի դեպքում տվիչը «կուրորեն» դրվում է անոթների պրոյեկցիայով կողմնորոշիչ կետերում:

Դուպլեքս ուլտրաձայնային սքանավորում:  Այդպես է կոչվում իր մեջ երկու գործառույթ ներառելու պատճառով. անոթների կառուցվածքի ուսումնասիրություն և նրանցում արյան հոսքի արագության գնահատում: Մոնիտորի վրա երևում են և՛ անոթը, և՛ նրա շուրջը գտնվող հյուսվածքները: Ի տարբերություն ուլտրաձայնային դոպլերագրության, այս եղանակով հնարավոր է տեսնել վահանիկները, թրոմբները, անոթների կրակալումը, նրանց պատերի հաստացումը, ինչպես նաև անոթների արատները կամ նրանցում տեղադրված ստենտները:

Տրիպլեքս սքանավորումը գերազանցում է  դուպլեքսին: Այս դեպքում մոնիտորի վրա՝  հյուսվածքների պատկերման ֆոնին, երևում է նաև նրանց միջով անցնող անոթը: Արյան հոսքի արագությամբ պայմանավորված՝ անոթը տարբեր գույներով է ներկվում (քարտեզագրում):

Արյան հոսքի գունավոր քարտեզագրությունն անոթի լուսանցքից ստացված  պատկերի կրկնությունն է: Հեշտությամբ երևում են անոթի լուսանցքի բոլոր փոփոխությունները՝ աթերոսկլերոտիկ վահանիկները, թրոմբները և այլն, այն ամենն, ինչ խանգարում է անոթի անցանելիությանը: Դուպլեքս սքանավորումը հնարավորություն է տալիս տեսանելի դարձնել և գնահատել մարդու անոթային համակարգի գրեթե բոլոր հատվածներում արյան հոսքի վիճակը՝ խոշոր մագիստրալ ցուղուններից մինչև օրգանների մանր և ենթամաշկային անոթները: Անոթային հիվանդությունների արդեն վաղ շրջանում հնարավոր է հավաստի տեսանելի գնահատական տալ մեծ տրամագծով անոթներում անոթային պատի առկա բոլոր փոփոխություններին, օրինակ, շաքարային դիաբետի ժամանակ:

Սքանավորումը բացարձակապես անվտանգ է. ուլտրաձայնը չի կարող որևէ վնասակար ազդեցություն թողնել մարդու վրա, այդ պատճառով ախտորոշման այս եղանակը կարող է կիրառվել այնքան անգամ, որքան անհրաժեշտ է: Չկան նաև հասակային հակացուցումներ, դուպլեքս մոնիտորինգը չի արգելվում նաև հղիության ընթացքում, ինչպես նաև այնպիսի հիվանդությունների ժամանակ, որոնք հետազոտման եղանակների առումով, սովորաբար, ունեն բազմաթիվ սահմանափակումներ:

Անոթների սքանավորումն անցավ է, այն չի ենթադրում կտրվածքներ, անցքերի ստեղծում կամ այլ վնասվածքային գործողություններ: Այստեղ չի կիրառվում նաև անզգայացում, ինչը բացառում է ներմուծվող ցավազրկող դեղի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկը:

Դուպլեքս սքանավորման հիմնական առավելություններն են.

  • հիվանդության վաղ նախակլինիկական նշանների հայտնաբերում՝ գնահատելով անոթային ախտահարումը,

  • հեմոդինամիկ փոփոխությունների գնահատում իրական ժամանակում՝ հայտնաբերելով արյան հոսքի խանգարման ո՛չ միայն օրգանական, այլ նաև ֆունկցիոնալ խանգարումները՝ ուսումնասիրելով անոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակը:

Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունը

Պացիենտը պառկած վիճակում հետազոտվող հատվածն ազատում է հագուստից: Ապա բժիշկը մաշկի վրա գել է քսում, որը լավացնում է մաշկից տվիչին հաղորդականությունը՝ բարելավելով ուլտրաձայնի անցանելիությունը , և սկսում է հետազոտությունը:

Քնային զարկերակների և գլխուղեղի զարկերակների սքանավորման դեպքում մուտքն իրականացվում է պարանոցի մաշկի և մկանների միջոցով, ինչպես նաև գանգի և ողնաշարի միացման շրջանում՝ քունքոսկրի վրա, գլխի ծոծրակային թմբի վրա, ակնակապիճների շրջանում: Աորտայի և նրա ճյուղերի, երիկամային և լյարդային անոթների սքանավորման դեպքում  բժիշկը գելը քսում  և աշխատում է կրծքավանդակի և որովայնի մաշկի վրա, իսկ վերջույթների անոթների հետազոտության ժամանակ՝ ձեռքերի և ոտքերի մաշկի վրա՝ մագիստրալ անոթների ընթացքին համապատասխան:

Հետազոտության վերջում հիվանդին կարող են խնդրել կանգնել՝ սքանավորումը կանգնած վիճակում իրականացնելու համար. սա կարևոր է սրունքի խորանիստ և մակերեսային երակները հաղորդակցող երակների անցանելիությունը գնահատելու համար, ինչպես նաև կարող է իրականացվել Վալսալվայի փորձը (լարվածության առաջացում)՝ երակային փականների ամբողջականությունը ստուգելու համար:

Սքաներով ստացված ամբողջ տեղեկատվությունը մշակվում է թվային սարքերի օգնությամբ և արտացոլվում է բժշկի համակարգչի մոնիտորին՝ գունավոր պատկերման և անոթում արյան հոսքի քանակական բնութագրերի տեսքով: Բժիշկը գնահատում է  և իրականացնում արդյունքների մեկնաբանում:

Հետազոտությունը տևում է 20-30 րոպե, որից հետո պացիենտին տրվում է եզրակացությունը՝ հետագայում այն բուժող բժշկին ներկայացնելու համար: Պլանային հետազոտության դեպքում պացիենտը տուն է գնում, իսկ շտապ ցուցումներով իրականացված հետազոտության դեպքում հոսպիտալացվում է մասնագիտական բաժանմունք՝ հետագա հսկողության և բուժման նպատակով:

Դուպլեքս սքանավորմամբ ստացված արդյունքները հնարավորություն են տալիս հաջողությամբ բուժել սրտի, գլխուղեղի, երիկամների, ստորին վերջույթների և այլ օրգանների երակների ու զարկերակների հիվանդությունները:

Անոթների դուպլեքս սքանավորման ցուցումներն են.

  1. Եթե հիվանդն ունի հետևյալ գանգատները.

    —  հաճախակի գլխացավեր, միգրեն
    —  անկումներ գիտակցության կորստով կամ` առանց
    —  աղմուկ ականջներում, աչքերի առաջ փայլատակող սև կետեր
    —  հաճախակի գլխապտույտներ
    —  զարկերակային ճնշման տատանումներ:
    —  ոտքերին անոթային աստղիկներ
    —  ստորին վերջույթների երակների վարիկոզ հանգույցներ
    —  ստորին վերջույթների արտահայտված այտուցվածություն, որն ուժեղանում է քայլելիս
    —  ոտքերում ցավային զգացողություններ, հոգնածություն:
    —  վերջույթներում` սառնություն,
    —   որոշակի տարածություն անցնելուց հետո ձկնանման մկաններում ցավի առաջացում` ընդմիջվող կաղության համախտանիշ ((հաճախ հանդիպում է ծխողների մոտ)
    —   մաշկի գույնի փոփոխություն (կապույտ, մանուշակագույն երանգ), տեղային ջերմության իջեցում (սառը ոտնաթաթեր)՝ զգալի ցավային զգացողությունների զուգակցմամբ:

  2. Գլխուղեղի անոթների ցանկացած ախտաբանության կասկածի դեպքում, այդ թվում` նորածինների մոտ, իրականացվում է տրանսկրանիալ (ներգանգային) անոթների՝ առաջային, միջին և հետին ուղեղային զարկերակների հետազոտություն:

  3. Աորտայի և նրա ճյուղերի հիվանդության, օրինակ, կրծքային, որովայնային հատվածի անևրիզմայի կասկածի դեպքում հիվանդին ուղեգրում են անոթների դուպլեքս սքանավորման:

  4. Սրտի բնածին կամ ձեռք բերովի հիվանդության հաստատման համար իրականացվում է էխոսրտագրություն:

  5. Երիկամների, լյարդի անոթների հիվանդությունների ախտորոշման նպատակով նույնպես իրականացվում է ՈՒՁ հետազոտություն:

 

2017-01-21

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »