Հայերեն | Русский | English

Իսկ դու երդվե՞լ ես այս գիշեր բժի´շկ կամ «կլիենտը» միշտ իրավացի է

2018-11-13

Հիվանդին հաճախորդի, իսկ բժշկին սպասարկողի վերածելը գերխնդիր է: Դա շատ կարևոր է, քանի որ այդ դեպքում նրանց միջև պարբերաբար կծագեն նման փոխհարաբերություններին բնորոշկոնֆլիկտներ, ինչը թույլ կտա վերահսկել երկու կողմերին: Նպատակը ազգաբնակչության դժգոհությունը ամենացավոտ սոցիալական խնդրից՝ առողջապահությունից, շեղելն է դեպի բժիշկը: Արդյունքում կնվազի լարվածությունը և կհաջողվի ժամանակ շահել։ Այսինքն՝ սա քաղաքական հարց է։

Միայն առողջապահության նախարարների միջոցով գործընթացն ավարտին հասցնելը դժվար է: Խնդիրը միջգերատեսչական է և անգամ վերաբերում է իշխանության տարբեր թևերին, այդ թվում IV իշխանությանը։ Ովքեր որ ներգրավված են սրանում, բառախաղի միջոցով, «բուժօգնություն» տերմինի հետ զուգահեռ պետք է սկսեն գործածել «բուժսպասարկում» և «բուժծառայություն» տերմինները՝ գտնելով վերջիններիս համար տրամաբանությանը մոտ մեկնաբանություններ։ Սա թույլ կտա քայլ առ քայլ բժշկին անվանել սպասարկման ոլորտի աշխատող։ Եվ քանի որ դա բոլորովին էլ վիրավորական չէ, բժիշկները բարձրաձայն չեն առարկի, այլ ներքին դժգոհությամբ՝ մի կողմ դնելով սրտացավությունն ու կարեկցանքը համապատասխանաբար կփոխեն իրենց վերաբերմունքը դեպի հիվանդը և վերջիններիս կընկալեն որպես «կլիենտ»։ Այդ հարցում կա որոշակի առաջընթաց, սակայն ոչ բավարար:

Խիստ անհրաժեշտ է վերանայել գաղափարախոսությունը՝ մոռացության մատնելով Հիպոկրատի և Հալենի խոսքերը, թե բժշկությունը արվեստ է և գիտություն։ Քանի որ ո՛չ արվեստը, ո՛չ էլ գիտությունը սպասարկման ոլորտ չեն, ուստի բժշկությունը պետք է տարանջատել դրանցից, որպեսզի հեշտությամբ վերանվանել սպասարկման ոլորտի: Հիպոկրատի մասին պետք է հիշել միայն երդման տեսանկյունից, օրինակ՝ սկանդալային հոդվածներում և անվճար կամ էժան բուժօգնություն, ներողություն բուժսպասարկում, պահանջելիս։ Ի դեպ, նման վրիպումը անթույլատրելի է, քանի որ օգնությու՛նը այն էլ բժշկական, ենթադրում է անսահման երախտագիտություն, իսկ այդ դեպքում սպասարկող և հաճախորդ հարաբերությունը խզվում է: Այս ամենը հարկավոր է ամրապնդել  «ագիտպռոմի» սոցիալական գովազդներով․ «Իսկ դու երդվե՞լ ես այսօր Հիպոկրատին» բառերով թռուցիկներ տարածել և պաստառներ փակցնել բուժհիմնարկներում, անգամ վիրահատարաններում և բժիշկների առանձնասենյակներում։

Գաղափարախոսական աշխատանքից բացի՝ որոշ կրթական ծրագրերից պետք է արմատախիլ անել տնտեսագիտական բաղադրիչը, որպեսզի բժիշկների մտքով չանցնի, որ մարդը իր ապաքինված և առողջ կյանքի ընթացքում շարունակում է պետության և իր համար ստեղծել ահռելի հավելյալ արժեք։ Սույնով բժշկը չի պահանջի իրեն հասանելի փայաբաժինը այդ պրոդուկտից և կբավարարվի միայն սպասարկման վճարով։ Մյուս, կողմից չունենալով տնտեսագիտական գիտելիքներ, հիվանդը չի ընկալի ինքն իրեն որպես ամենաթանկարժեք հիմնական միջոց ու չի գիտակցի, որ իր առողջության համար կատարված ծախսերը ներդրում են սեփական բարեկեցության մեջ։

Փառք Աստծո, որ սովետական 70 տարիների իներցիոն մտածելակերպը պահպանվել է, և հասարակության մեծ մասը կարծում է, որ փողը միայն իր հագուկապի, մեքենայի և բնակարանի վերանորոգման համար է, իսկ սեփական ապաքինման համար վճարելու կարիք չկա։

Շարունակելով տնտեսագիտական բաղադրիչի թեման՝ խիստ անհրաժեշտ է իջեցնել բժիշկների եկամուտները՝ նվազեցնելով կրթվելու և վերապատրաստվելու հնարավորությունները։ Արդյունքում բժիշկները թույլ կտան բազմաթիվ սխալներ՝ դառնալով ավելի խոցելի, և զայրացած հիվանդատերը  ժամանակ առ ժամանակ նրանց հետ հաշվեհարդար կտեսնի։ Կատարելագործվելու փոխարեն՝ բժիշկները ստիպված կլինեն ազգաբնակչության մեծ մասի պես զբաղվել հանապազօրյա հաց հայթայթելով, կարևոր չէ թե ինչ ճանապարհներով։ Անհրաժեշտության դեպքում կարելի է և պատժել։ Բուժաշխատողների վարձատրության մինիմալ սահմանը պետք է որոշել մշտադիտարկման միջոցով։ Դրա համար քաղաքապետարանը «ֆայլաբազարի» հարևանությամբ մայթի հաշվին կատարում է հողհատկացում, որտեղ հիմնվում է «Բուժսպասարկման և բուժծառայության ազատ տնտեսական գոտի» կամ բորսա։  Այնտեղ կարող է պարզվել, որ միգուցե այսօրվա Պետպատվերի և  ապահովագրականի փոխհատուցմամբ բժշկին վճարվելիք 600 դրամը՝ մեկ ժամ տևող անոթների դուպլեքսի կամ 8000 դրամը՝ երկու ժամ տևող վիրահատության համար մի բան էլ շատ է։ «Ինչեր ասես, որ չեն անի» բժիշկները ճարահատված։

Չպետք է վախենալ, թե նրանց եկամուտների կրճատման հետևանքով պետությունը կկորցնի միջին խավի և վճարունակ պահանջարկ ձևավորողների մի ստվար զանգվածը։ Վերջին հաշվով հեղափոխությունից հետո թալանած-դիզածը, ինչպես նաև կաշառքով ամբարածը քչանալու է, «հարուստները» վերածվելու են միջին խավի և միջնաժամկետ կտրվածքով փոխարինելու են բժիշկներին։ Այդ նույն նախկին «հարուստները» դրսերում ծախսելու հնարավորության նվազումից ստիպված անօրինական եկամուտների մնացորդները օգտագործելու են տեղում, ինչը ժամանակավորապես կկոմպենսացնի երկրի ներսում վճարունակ պահանջարկի դեֆիցիտը։

 Բժշկին սպասարկման ոլորտի աշխատակից դարձնելու առումով չպետք է թերանալ նաև կրթության բնագավառում, դեվալվացիայի ենթարկելով մասնագետներին՝ շրջանավարտների քանակի և որակի հաշվին։ Հիմա արդեն դրվածքն այնպիսին է, որ անգամ պետական ԲՈւՀ-ում կրթություն ստացած մասնագետների մեծ մասը չի կարողանում ինքնուրույն վիրահատել կամ, օրինակ, ախտորոշել, ինչը նորավարտին զրկում է արժանավայել վարձատրություն պահանջելու իրավունքից։  

 Դրանում մեծ դեր ունի նաև հետբուհական կրթությունը, երբ որ կազմալուծվեց բժիշկների վերապատրաստման ինստիտուտը, որը՝ համալսարանին որպես մրցակից, կարող էր ապահովել կրթական որակ։ Դաշտի մոնոպոլիզացիան մի այնպիսի հաղթանակ էր, որ հեղինակին մի քանի ամսով առողջապահության նախարարի պաշտոնին արժանացրեց։

Մյուս կողմից՝ շատ կարևոր է շարունակական բժշկական կրթության մաս կազմող գործող վերապատրաստումները իջեցնել շրիշակի մակարդակի։ Եթե անգամ բուժհիմնարկի անձնակազմը անցել է բազում արտասահմանյան վերապատրաստումներ, սակայն ներկայիս «տեխասմոտրին» հավասարեցված վերապատրաստման վկայականը բացակայում է, միևնույն է, հիմնարկի լիցենզավորված գործունեությունը պետք է արգելել և ուղարկել «տեխզննման»։ Ի դեպ, այս պարագայում ևս կարելի է  այդ վկայականը տրամադրել բանկերում, հենց վճարման ժամանակ։

Տեմպերը պետք է պահել՝ շարունակելով նախարարներ նշանակել և ռեկտորներ ընտրել արհեստավարժ «չինովնիկների» և ոչ թե պրակտիկ բժշկության կամ գիտության բնագավառի հեղինակությունների։ Նրանք էլ իրենց հերթին տեղակալներ կընտրեն իրենց նմաններին կամ էլ անձանց, որոնց ամենամեծ արժանիքը հավատարիմ լինելն է։ Հակառակ միտումներ ի հայտ գալու դեպքում ճիշտ կլինի միավորել ԱՆ և «սոցապը», ինչը թույլ չի տա հետ շրջել վերը շարադրված տիտանական աշխատանքը։

Բժշկից սպասարկողի, իսկ հիվանդից «կլիենտի» վերածելու գործին նպաստող այլ ձեռքբերումների և անելիքների մասին կզրուցենք հաջորդ հրապարակումներում։

 

Հ․Գ․ Օրեր առաջԱրագածում հերթական զարկով տապալեցին հերթական բժշկին։

         Լիազոր մարմինը հերթական անգամ դատապարտեց երևույթը։ 

         Կարծում ենք դատապարտումն ասիմետրիկ էր։

         Կարելի էր «ծանր մարմնականի» դեպքում կիրառել «խիստ» եզրույթը,

         իսկ իրավապահներին դիմել միայն «սպանության փորձի» պարագայում՝

         չբացահայտելով ամբողջ ունեցած զինանոցը։

 

 

Արամ Քոչարյան, բ․գ․թ․,

Բժիշկ-ռադիոլոգ,

ՀՀ-ում ՄՌՏ-ի հիմնադիր։

2018-11-13

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »