Հայերեն | Русский | English

«Մի ուրվական է շրջում Առողջապահությունում՝ կոռուպցիայի ուրվականը» կամ՝ պայքար հողմաղացների դեմ

2019-02-19

Ի գիտություն  ՀՀ Վարչապետի,  ՀՀ Պաշտպանության նախարարի, ԱԺ Պաշտպանության և Անվտանգության մշտական հանձնաժողովի  նախագահի, ԱԺ Առողջապահությանև Սոցիալական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահի

Առողջապահության Նախարարը 8 նոյեմբերի 2018թ․ ուժը կորցրած ճանաչեց 2015թ․ 2991-Ա հրամանը, որը վերաբերում էր «Ճառագայթային ախտորոշման եզրակացությունների մեջ ողնաշարի ճողվածքների միլիմետրերով չափումներին»։ Թվում է թե խիստ մասնագիտակա՞ն հարց է։

Մինչ դեռ հեղինակների կարծիքով դա հրաման էր, որը թեկուզ փոքր, բայց  «քայլ» առաջ էր հակակոռուպցիոն պայքարի և  զինակոչի բարելավման առումով և ուրեմն ազգային անվտանգության  տեսակետից  ուներ կարևոր նշանակություն։ Դեռ երկու տարի առաջ տպագրված «Ռադիոլոգիական այսբերգի չերևացող մասը»  հարցազրույցում զգուշացրել էինք ոլորտում առկա սպեցիֆիկ կոռուպցիոն ռիսկերի  մասին։

Ու՞մ էր ձեռնտու   հրամանի չեղարկումը, ո՞վ է խորհրդատուն  և դրա պատվիրատուն և կա՞ անձ կամ կազմակերպություն, ում կասկածենք կոռուպցիոն  ռիսկերի պրոֆիլակտիկայի մակարդակը  շահադիտական  նպատակներով նվազեցնելու մեջ:  Հարցեր են առաջանում.

ա) Եթե ցայսօր ԱՆ-ի կայքէջում այդ թեմայով  բացակայում են  ուղեցույցների, գործելակարգերի, ընթացակարգերի և այլ համարժեք հրամանների անգամ նախագծերը, ապա ինչո՞վ է վերոնշյալ հրամանը փոխարինվել: Ո՞ւմ է հասցեագրված «Քանի դեռ ավելի լավ բան չենք մտածել ու արել․․․» Վարչապետի խոսքերը։

բ) Մինչև ԱՆ -ի կողմից  № 2991-Ա  հրամանի  չեղարկումը ստացվե՞լ էին արդյոք հետևյալ հարցադրումների սպառիչ պատասխանները․

  1.  Զորակոչից «ճողվածք» ախտորոշմամբ խուսափողների քանակը միայն միլիմետրերով  չափումները դադարեցնելու  դեպքում նվազել է թե՞ ոչ:
  2. Քանի՞ «հիվանդ» երիտասարդ է զորակոչվել 2017թ ընթացքում այս հրամանի պատճառով և նույն տարում նրանցից քանիսն են զորացրվել:
  3. Ի՞նչ դինամիկա է արձանագրել Ռազմական Դատախազությունը 2017թ ընթացքում նոր դրվագներով հարուցված քրեական գործերի առումով, որոնք վերաբերվում էին նույն տարում ողնաշարային ճողվածքների մանիպուլյացիաներին: Եթե պարզվի որ թեկուզ մի կետով եղել էր 30% բարելավում ի՞ նչ եք անելու։ Բա որ պարզվի որ եղել էր մի քանի կետերով մի քանի անգամների բարելավու՞մ․․․։

Նախապատմություն․ Հայաստանւմ ողնաշարի ճողվածքների (գրիժաների) միլիմետրերով չափումները ներդրվել էին 25 տարի առաջ մեր կողմից: Չհիմնվելով որևիցե մեթոդաբանության վրա և լինելով խիստ սուբյեկտիվ, այս մոտեցումը կոչված էր ծառայելու որպես մոտավոր կողմնորոշիչ ցուցանիշ  բժշկի համար: Ճողվածքների միլիմետրերով չափումները այնքան անհեթեթ են, որ  նույն դեպքի վերաբերյալ տարբեր բժիշկներ այդպիսիք իրականացնելիս թույլ են տալիս  մինչև 40% շեղում: Հետաքրքիրն այն է, որ նույն բժշկի չափումների շեղումները իր իսկ կողմից նախկինում հետազոտած հիվանդի տվյալները վերանայելիս՝ հասնում են 30%-ի:

Ապացուցողական բժշկությունից հեռու այս մոտեցումը անսպասելիորեն հայտնվեց փորձագիտական չափորոշիչների մեջ, այդ թվում Պաշտպանության Նախարարության բազայում՝  հիմք հանդիսանալով զինակոչից ազատելու, հետաձգելու կամ զորացրելու համար: Կոպիտ ասած՝ 5մմ ճողվածքի դեպքում անձը ենթակա է զորակոչի, 6մմ-ի դեպքում – ոչ: Աբսուրդ՜:

Այս ամենը հանգեցրեց միլիմետրերի պրիմիտիվ աճուրդների և սկսվեցին հարուցվել քրեական գործեր։

«Ուլտրաիմիջինգ» կենտրոնը 8 տարի առաջ   հայտարարեց, որ հրաժարվում է որևիցե գիտական հիմք չունեցող սուբյեկտիվ մեթոդից և քանակական գնահատականի փոխարեն անցավ քաղաքակիրթ աշխարհում ընդունված որակական գնահատականի։

Հետևեվեցին ապացուցողական  բժշկության հիման վրա կառուցված զեկույցներ երեք Միջազգային Կոնգրեսներում որոնք չունեցան առարկություն: Ըննդիմախոսության չարժանացան տպագրված երկու գիտական աշխատանք: :

2015թ․ սկզբին հաջողվեց Պաշտպանության նախարարությանը, որպես ամենամեծ փորձաքննական պատվիրատուի ներգրավել դիսկուսիայի, քանի որ մեր գործընկերների հանդեպ հարուցվող քրեական գործերը չէին դադարում:  ՊՆ-ում տեղի ունեցան իրար հաջորդող 3 քննարկում, ընդգրկելով՝ I փուլում ռազմաբժշկական վարչությանը, II փուլում ռազմական փորձաքննական հանձնաժողովի անդամներին և վերջնական էտապում իրականացվեց այս 2 ստորաբաժանումների միացյալ քննարկում: 2015թ. ամռանը, հասկանալով հարցի լրջությունը, ՊՆ ներգրավեց քննարկումներին նաև Առողջապահության Նախարարությանը որի ընդլայնված կոլեգիայի նիստին արդեն ներկա էին ոչ միայն ՊՆ-ի ներկայացուցիչներ, այլ նաև Առողջապահության Նախարարության վերնախավը, գլխավոր մասնագետները, Բժշկական Համալսարանի աշխատակիցները, պրակտիկ բժշկության բնագավառի հեղինակավոր դեմքերը։ Քննարկումները  հանգեցրին 2015թ տարեվերջին Առողջապահության Նախարարի № 2991-Ա  հրամանին, որում ուղղակի արգելվում էր ռադիոլոգիական եզրակացություններում նշել ճողվածքների միլիմետրերով չափերը: Զուգահեռաբար առաջարկվում էր փորձաքննական գնահատականի առաջացման դեպքում կիրառել ապացուցողական բժշկության վրա հիմնված որակական չափորոշիչ:

Ամբողջ 2016 թվականը նվիրվեց ՊՆ-ում նոր մեթոդի իմպլեմենտացիային, որը 2017թ-ից սկսեց գործել հնի հետ զուգահեռ: 2018թ–ին պետք է ամփոփվեին նախորդ տարվա արդյունքները և որոշվեր․ կա՞  արդյոք կարիք վերանայելու ՊՆ-ի նախկին չափորոշիչների հրամանը:

Մենք այսօր իմացանք, որ ԱՆ-ի  № 2991-Ա հրամանը անցյալ տարվանից չեղարկված է և բանակին մնւմ էր 2019թ․   պահպանել  միլիմետրերով չափումների վրա հիմնված չափորոշիչները:

Հրամանի միակ պրոբլեմը բժշկական հանրության և բանակի փորձաքննական հանձնաժողովի անդամներին դիմադրությունն էր, ինչը պետք էր հաղթահարել «փափուկ ուժի» միջոցով՝ այսինքն կրթելով: Մենք կազմակերպում էինք սեմինարներ  հռչակավոր մասնագետների ներգրավմամբ ինչին փործում էին խոչնդոտել Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի վարչության անդամները՝ տես «Խմորումներ ռադիոլոգիայում»  բաց նամակը:

Կա՞ պատկերացում, թե ինչքան ժամանակ և եռանդ էր պահանջվել հասարակ բժշկից տեղաշարժելու այսպիսի գերատեսչությունների իներցիոն համակարգերը, խթանելով չորս ծավալուն քննարկումներ։

Չեղարկելով № 2991-Ա հրամանը ապացուցողական բժշկությանը պատկանող ինչ՞ հենքի  վրա թողնվեց համակարգը: Ցույց տվեք գոնե 3 լուրջ (Peer-reviwed) հոդված, որում կա չափումների մեթոդաբանութունը: Մատնանշեք գոնե որևիցէ տեղական ամսագրում կամ ժողովածուներում աշխատանք տպագրված №2991-Ա հրամանին ընդիմադիրների կողմից, որտեղ կա առարկում կամ հակառակի ապացույց:

Ինչևիցե՝  «Ջինը» բաց է թողնված և  մեզ մնում է ասել. «Աստված, ներիր նրանց, քանզի չգիտեն թե ի՛նչ են անում»:

ՀՀ ԱՆ № 2991-Ա հրամանի հեղինակ

Ռադիոլոգիայի նախկին գլխավոր մասնագետ

ՀՀ-ում ՄՌՏ մեթոդի հիմնադիր

«Ուլտրաիմիջինգ» ԲԿ բժիշկ-ռադիոլոգ, բ.գ.թ.,

 Արամ Քոչարյան

 Հ.Գ. ԱՆ-ին խնդրում ենք ուշադրություն դարձնել չեղարկման հրամանում հղումների շարադրման ձևին, որ չբերի բովանդակության  տարընթերցմանը…

2019-02-19

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »