Հայերեն | Русский | English

Cito!

2019-09-11

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հետևելով տեղեկատվական դաշտում առողջապահության նախարարի և բժշկական հանրության միջև ծավալվող գործընթացներին փաստում է.

  1. Մինչ այսօր հրապարակումները հեռու են քաղաքակիրթ բանավեճ կոչվելուց և հատել են անձնական վիրավորանքներ չհասցնելու սահմանը։ Նախարարի շարունակական հաղորդագրություններն առաջացնում են միայն զայրույթ գործերի իրական վիճակից լավատեղյակ բուժաշխատողների շրջանում:
  2. Ինչպես առողջապահության նախարարը, այնպես էլ մեր գործընկեր պրակտիկ բժիշկները ընդունել են ծայրահեղական կեցվածք, իսկ արտահայտած մտքերը ձեռք են բերում քաղաքական աստառ։ Մինչդեռ խնդիրները հեռու են այդպիսին լինելուց և առողջապահության ոլորտում առկա պրոբլեմները թողած ստեղծվում է կեղծ օրակարգ՝ ներքաշելով նորանոր դերակատարների։
  3. Առողջապահության նախարարը հրաժարվում է ընդունել իրականում գոյություն ունեցող և օրեցօր խորացող խնդիրները, իսկ բժիշկները լուծումները փնտրում են մի դաշտում, որտեղ դրանք կարող են ուշանալ։

Հաշվի առնելով վերը շարադրվածը, մենք հայտնում ենք մեր խորը մտահագությունը առողջապահության ոլորտում ստեղծված իրավիճակից և զգուշացնում ենք բոլոր կողմերին.  այս ամենը շարունակվելու դեպքում՝ է՛լ ավելի է խորանալու բժիշկների  և բուժառուների /պացիենտների/ միջև առաջացած անջրպետը։
  Մեր գնահատմամբ խնդիրները գտնվում են ոչ թե առողջապահության նախարար և բուժհիմնարկի ղեկավար/սեփականատեր տիրույթում, այլ գալիս են հիմքերից ու տեղակայված են պրակտիկ բժիշկ/անվանի մասնագետ և առողջապահության նախարարության քաղաքականության շահերի բախման կիզակետում։
  Ուստի խնդրում ենք երկրի բարձրագույն մարմնի՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովին անհապաղ վերցնել գործընթացները վերահսկողության տակ և հանդես գալ նախաձեռնությամբ, որն ուղղված կլինի ստեղծելու  հարթակ մատնանշված կողմերի միջև ծագած խնդիրներին լուծումներ տալու նպատակին։
  Մինչ այդ կոչ ենք անում մեր գործընկերներին վերադառնալ իրենց վայել արժանապատիվ կեցվածքին և  լծվել  ամենօրյա կյանք ու առողջություն փրկելու գործին:
  Առողջապահության նախարարին  հորդորում ենք ականջալուր լինել իր ընդդիմախոսներին, որոշումներ կայացնելուց առաջ քննարկել ծրագրվող փոփոխությունները շահագրգիռ կողմերի հետ, կատարել սեփական՝ № 713-L հրամանի դրույթները, որոնք վերաբերվում են Պետպատվերի նվազագույն փոխհատուցման հաշվարկներին: Օր առաջ վերանայել Պետպատվերի երբեմն նվաստացուցիչ գները, որոնք շատ հեռու են ոչ միայն ներդրումներ խրախուսելուց, այլև հարցականի տակ են դնում թանկարժեք բուժտեխնիկայի սպասարկումը, իջեցնում են ցուցաբերվող բուժօգնության որակը և բուժանձնակազմի արժանապատիվ վաստակը՝ դրդելով կոռուպցիոն գործարքների:

Հ.Գ.  1.Ստեղծված պայմանները վարկաբեկում են նախատեսվող առողջապահական ապահովագրության ամբողջ գաղափարը:

Հ.Գ.  2. Ոլորտում նման անհանդուրժողական մթնոլորտի ձևավորումը մենք կանխատեսել էինք նախկինում հրապարակված հոդվածներում․

https://www.lragir.am/2018/11/12/394616/
https://www.lragir.am/2019/02/01/414352/
https://armtimes.com/hy/article/151138


Հարգանքներով՝  ՀՀ-ում ՄՌՏ-մեթոդի հիմնադիր,
«Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի բժիշկ-ռադիոլոգ, բ.գ.թ.՝ Արամ Քոչարյան:

2019-09-11

ԼՈՒՐԵՐ

Այս տարի ավելի քան 50.000 ռադիոլոգ ներկա գտնվեց Հյուսիսամերիկյան Ռադիոլոգների Ասոցիացիայի ամենամյա հանդիպմանը Չիկագոյում (RSNA): Ուլտրաիմիջինգի անձնակազմը նույնպես...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հետևելով տեղեկատվական դաշտում առողջապահության նախարարի և բժշկական հանրության միջև ծավալվող ...

կարդալ ավելին »