Հայերեն | Русский | English

Ո՞վ , ե՞րբ և ինչու է վրիպել, թե՞ միտումնավոր անպատասխանատվություն

2020-03-25

Կորոնովիրուսի աշխարհավարակի պայմաններում ԿՏ և ՄՌՏ հետազոտություններ իրականացնող բուժկենտրոնների համար, որոնք շուտով պետք է ախտորոշեն ատիպիկ թոքաբորբերը, տնտեսական անկման հաղթահարման ուղիների հանրային քննարկմանն ընդառաջ ունենք երկու լուր:
Սկսենք “լավից”. երկու տարվա պայքարի արդյունքում առողջապահության նախարարությունից հաջողվեց ստանալ վերոնշյալ հետազոտությունների պետպատվերի փոխհատուցման հաշվարկները: Պետք է նշել, որ այդ «հույժ գաղտնի» փաստաթուղթը հասանելի դարձավ միայն Ազգային Ժողովի առողջապահական հանձնաժողովի տարեվերջյան նիստի մասնակիցներին: Քանի որ վերջին երկու տարիների ընթացքում  մամուլով և հեռուստատեսությամբ հնչեցրած մեր ուղերձները, ինչպես նաև ԱՆ հասցեագրված նամակները նման էին «ձայն բարբառո անապատի», ստիպված էինք դիմել երկրի բարձրագույն մարմնին՝ ԱԺ-ին:

Իսկ հիմա վատ լուրը. ցավոք, առողջապահության նախարարի ստորագրությամբ ներկայացված պետպատվերի շրջանակում իրականացվող ԿՏ և ՄՌՏ հետազոտությունների փոխհատուցման հաշվարկները տնտեսագետների կարծիքով կազմված են այնքան անփույթ և հեռու են իրականությունից, որ անգամ արժանի չեն որևիցե մասնագիտական քննադատության:

– Եթե մի կողմ դնենք ցածր կոմպետենտության կանխավարկածը (ինչը ևս պատժելի է), մի՞թե ԱՆ տնտեսագետները ցանկացել են նման «անփութությամբ» «արջի ծառայություն» մատուցել նախարարին և արժեզրկե՞լ նրա ստորագրությունը:

– Մյուս կողմից, նման կոպիտ «վրիպակներով» հաշվարկներ ներկայացնելիս նրանք  դժվար թե համարձակվեին վերադասին գիտակցաբար դնել անհարմար դրության մեջ: Միգուցե դա արվել է հենց վերադասի հրահանգո՞վ, և նրա ստորագրությամբ փաստաթուղթն անարգանքի հերթական «ֆլեշմո՞բն» է ուղղված ԱԺ-ի ոլորտային հանձնաժողովին և նիստի մասնակիցներին:

– Արդյոք առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ներկայացուցիչները հասկանում են, որ ռադիոլոգների (բժիշկների) և ռենտգեն տեխնիկների (բուժքույրերի) աշխատավարձի հաշվարկման հիմքում դրված պարամետրերը կատարվել են աշխատանքային օրենսդրության բազմաթիվ խախտումներով, քանի որ հաշվի չեն առնվել աշխատաժամերը, հանգստյան օրերը, արտաժամյա աշխատանքները, վնասակարությունը և ոչ էլ հասանելի արձակուրդների ժամկետները:

– Եթե նախարարությունը ՄՌՏ-ի մեկ հատվածի հետազոտության ինքնարժեքի հաշվարկները կատարել է ՄՌՏ սարքավորման ձեռքբերման 30մլն դրամ շուկայական գնի հիման վրա, ապա եթե դա վրիպակ չէ, ապա ո՞ր իրավապահ մարմնին պետք է հետաքրքրի պետբյուջեի հաշվին 10-15 անգամ ավելի թանկ գնով նմանատիպ սարքավորումների ձեռք բերման փաստը: Եթե վրիպա՞կ է, ապա ինքնարժեքից ցածր սահմանված պետպատվերի փոխհատուցման գները ժամ առաջ պետք է վերանայվեն ու վերադառնան նախինում գործող թեկուզ և չինդեքսավորված փոխհատուցման գներին և հետո նոր անհապաղ սկսվեն քննարկումները:

– Եթե նախարարությունը մեկ հատվածի ԿՏ հետազոտության համար հատկացնում է 19,000 դրամ՝ համարելով, որ ԿՏ ռենտգեն-խողովակի ձեռքբերման շուկայական գինը կազմում է 325,000 դրամ և եթե դա վրիպակ չէ ապա այդ դեպքում պետական բուժկենտրոնների համար ի՞նչ գնով են ձեռք բերվում նույն ռենտգեն-խողովակները, եթե դրանց շուկայական գինը նշվածից մոտ 100 անգամ ավելի թանկ է:

Էլ չենք ասում, որ հաշվարկներում ներառված չեն շենք-շինությունների և պաշտպանիչ շերտի ամորտիզացիան: Ի դեպ, վերջինիս շուկայական արժեքը գերազանցում է 25մլն դրամը:

– Վճարովի հոսքերի մի քանի անգամ անկման հետևանքով, ինչը սպասելի էր, պետության կողմից փոխհատուցման նման գների պայմաններում բուժկենտրոնները այլևս ի զորու չեն սուբսիդավորել նախարարի և ժողովրդի համար ականջահաճո ցանկություններն ու ծրագրերը: Արդյոք ԱՆ-ն պատրաստ է այս ճգնաժամային իրավիճակում մի կողմ դնել կամայական մոտեցումները, վերադառնալ գործընկերային դաշտ և վերանայել պետպատվերի փոխհատուցման նվաստացուցիչ գները:

Արդեն երկու տարի շարունակ բարձր տեխնոլոգիական և թանկարժեք սարքավորումներով հագեցված կենտրոններն իրենց վրա են վերցրել ԱՆ սոցիալական պատասխանատվության բեռի գերակշռող չափաբաժինը՝ կենտրոնների սեփական շահույթի և հեռանկարային զարգացման,  բուժաշխատողների աշխատավարձերի և նրանց վերապատրաստումների հաշվին:

Քանի որ ենթադրում ենք, որ ԱՆ կողմից արձագանքը հերթական անգամ բացակայելու է, կոչ ենք անում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին և ՏՄՊՊՀ-ին ստանալ առողջապահության նախարարի կողմից ստորագրված փաստաթղթի հիմնավորումները, պահանջել պետպատվերի շրջանակներում իրականացվող ԿՏ ու ՄՌՏ հետազոտությունների փոխհատուցման հաշվարկների ելակետային փաստարկները և հրավիրել թափանցիկ ու հրապարակային քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Արամ Քոչարյան, բ.գ.թ., ՀՀ-ում ՄՌՏ-մեթոդի հիմնադիր, բժիշկ-ռադիոլոգ,

Հ.Գ. Մեր փորձերը պարզաբանելու այս հարցերը ԱՆ համապատասխան ստորաբաժանումների հետ, հիմանավորումների փոխարեն արժանացել են հետևյալ անպատասխանատու արձագանքների՝ «այս հարցերը քննարկման ենթական չեն, քանի որ նախարարի անձնական որոշումն է», «կրճատեք աշխատողներին», «հրաժարվեք պետպատվերից կամ գնացեք աշխատեք սուս ու փուս, ինչպես որ ուրիշները»:

Հ.Հ.Գ. Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական վնասները մեղմելու կառավարության ցանկությունները ողջունելի են, սակայն պակաս կարևոր չէ նաև ԱՆ կողմից վերջին ժամանակներում թույլ տված կամայականությունների  հետևանքով բժշկական կենտրոններին և բուժաշխատողներին պատճառած նյութական և բարոյական վնասների փոխհատուցումը  

Հ․Հ.Հ.Գ. Անկասկած բուժաշխատողները պատվով կկատարեն իրենց պարտքը, ինչպես դա արեցին երկրաշարժի և Արցախյան պատերազմի օրերին: Սակայն կոչ ենք անում մասնագիտական ասոցիացիաների վարչություններին, քանի դեռ չեն ձևավորվել ոլորտային անկախ արհմիություններ, «գետանցումից» անմիջապես հետո հանդես գալ նախարարության  կամայականություններին հակազդող նախաձեռնությամբ։ Ոչ մի ԱՆ չինովնիկ, պատրաստ լինելով 20,000-30,000 դրամ վճարելու մեկ «պադավատի» սպասարկման «նորմոժամի» համար՝ չհաշված պահեստամասերը, իրավունք չունի համարել, որ մեկ ժամ աշխատանքի համար բժշկն ու բուժքույրը պետք է բավարարվեն 1900 դրամ և 600 դրամ վարձավճարով՝ ներառյալ ճառագայթման վնասակարությունը և հարկերը։

 

Սկզբնաղբյուր՝ lragir.am

2020-03-25

ԼՈՒՐԵՐ

Կորոնովիրուսի աշխարհավարակի պայմաններում ԿՏ և ՄՌՏ հետազոտություններ իրականացնող բուժկենտրոնների համար, որոնք շուտով պետք է...

կարդալ ավելին »