Հայերեն | Русский | English

Ի՞նչ է գլխացավը

2016-05-29

Գլխացավը շատ տարածված է և ունի բազմաթիվ պատճառներ: Տարբերում են գլխացավերի երկու հիմնական տեսակ՝ առաջնային գլխացավեր, որոնք կապված չեն առողջական վիճակի կամ հիվանդության հետ, և երկրորդային գլխացավեր, որոնք առաջանում են վնասվածքի կամ հիմնական հիվանդության արդյունքում, օրինակ՝ ուղեղի ցնցման, ուղեղում արյունազեղման, վարակի կամ գլխուղեղի ուռուցքի հետևանքով:

Առաջնային գլխացավերը ներառում են լարվածության ցավը, միգրենը և այլն:

Լարվածության գլխացավի ախտանիշներն արտահայտվում են որպես ճնշվածության զգացում, որն սկսվում է գլխի հետին մասից կամ պարանոցի վերին հատվածից և աստիճանաբար ընդգրկում ամբողջ գլուխը:

Գլխացավերը կարող են տևել մի քանի շաբաթ կամ ամիսներ, երբեմն` անցավ շրջաններով: Սրանք կարող են լինել դրվագային և տևել 30-90 րոպե: Այս նոպաները սկսվում են օրվա միևնույն ժամին և ներառում են մեկ կամ երկու աչքերի շրջանում սուր, թափանցող ցավ, արցունքահոսություն և քթարտադրություն:

Միգրենային գլխացավերը բնութագրվում են ինտենսիվ, պուլսացող բնույթով, հաճախ գլխի մի կողմում: Սրտխառնոցը, փսխումը և լույսի, ձայնի նկատմամբ զգայունությունը հաճախ են ուղեկցում միգրենին, որը կարող է մի քանի ժամից մինչև երեք օր տևել: Միգրենով տառապող որոշ հիվանդներ տեսողության խանգարումներ են ունենում, որն արտահայտվում է շողացման, լողացող տեսողության կամ կույր բծերի ձևով: Նման վիճակը հաճախ կոչվում է «աուրա», որը, որպես կանոն, նախորդում է միգրենային գլխացավի նոպային:

Գլխացավերի մեծամասնությունը լուրջ բժշկական խնդիր չի ներկայացնում: Որոշ մարդիկ ունենում են պատահական գլխացավեր, որոնք արագ անցնում են, մինչդեռ մյուսները տառապում են հաճախակի և տանջող ցավերից:

Դուք պետք է դիմեք բժշկի, եթե.

  • համարում եք, որ դա Ձեր զգացած ամենաուժեղ գլխացավն է,
  • սովորական գլխացավից տարբերվում է իր տեղակայմամբ, ծանրության աստիճանով կամ ուղեկցող ախտանիշներով, ինչպիսիք են` թմրածությունը կամ տեսողության կորուստը,
  • սկսվում է հանկարծակի, կամ ուժեղանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ,
  • այնքան  ուժգին է, որ կարող է արթնացնել Ձեզ,
  • չի արձագանքում բուժմանը, այլ ընդհակառակը՝ ժամանակի ընթացքում վատթարանում է,
  • հաճախ է կրկնվում,
  • ուղեկցվում է ստորև նշվածներից ցանկացածով.
    o   գիտակցության կարճատև կորուստով ուղեկցվող գանգուղեղային վնասվածք,
    o   ցնցումներ կամ ջղաձգություններ,
    o   կրկնվող փսխում,
    o   գլխապտույտ և հավասարակշռության խանգարում,
    o   տենդ ,
    o   խոսքի, տեսողության և շարժողական խանգարումներ:

Ինչպե՞ս ախտորոշել գլխացավը

Գլխացավի պատճառը հայտնաբերելու և հիմնական բժշկական խնդիրները բացառելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մանրամասն նյարդաբանական հետազոտություն: Ախտորոշիչ թեստավորումը կարող է իր մեջ ներառել հետևյալ հետազոտությունները.

  • գլխի համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ): Բժիշկները գլխուղեղի ՀՏ-ն կիրառում են անևրիզմայի պատռվածքի, կաթվածի հետևանքով առաջացած արյունահոսության, ուղեղի ուռուցքների և գանգի զարգացման արատների կամ հիվանդությունների հայտնաբերման համար:
  • Գլխի ՄՌՏ. ուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) հայտնաբերում է մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են.
    o   գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ,
    o   գանգուղեղային վնասվածքներ,
    o   սրտի, ուղեղի կաթված,
    o   վարակիչ-բորբոքային ախտահարումներ,
    o   բարորակ և չարորակ բնույթի ուռուցքներ,
    o   անևրիզմաներ,
    o   անոթային մալֆորմացիաներ,
    o   հիպոֆիզի և թրքական թմբի անոմալիաներ,
    o   էնցեֆալոմիելիտ, վասկուլիտ,
    o   ցրված սկլերոզ,
    o   տարբեր ցուցանիշների շեղումներ, այդ թվում` ճնշման, և այլն:

Ինչպե՞ս բուժել գլխացավերը

Եթե չկան վերը նշվածները, կարող են դիտարկվել բուժման համեմատաբար պարզ տարբերակներ: Գլխացավերի բուժման և կրկնությունների կանխարգելման նպատակով բժիշկները պետք է փորձեն պարզել խանգարման պատճառները, ինչպիսիք են սթրեսը կամ սննդի որոշ մթերքներ, և առաջարկեն բուժման տարբերակներ՝ ներառելով.

  • կանխարգելիչ դեղորայք և բուժման եղանակներ,
  • կենսակերպի փոփոխություն, այդ թվում` սթրեսի կառավարում և թուլացման տեխնիկային տիրապետում,
  • ցավազրկողներ:

Եթե Ձեր գլխացավը հիմնական հիվանդության կամ վնասվածքի հետևանք է, բժիշկը կընտրի բուժման անհատական տարբերակ:

2016-05-29

ԼՈՒՐԵՐ

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը աշխատանքի հրավիրում է բուժքույրերի՝ հայերենի և ռուսերենի...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի Ախուրյանի մասնաճյուղում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի...

կարդալ ավելին »