Հայերեն | Русский | English

Ալցհեյմերի հիվանդություն

2016-06-03

Ալցհեյմերի հիվանդությունը թուլամտության ամենատարածված տեսակներից մեկն է, վիճակ, որի ժամանակ գլխուղեղը դադարում է իր գործառույթների իրականացումն ինչպես հարկ է: Ալցհեյմերի հիվանդությունը բերում է հիշողության, մտածողության և վարքի խանգարումների: Վաղ շրջանում թուլամտության ախտանիշները կարող են նվազագույն լինել, սակայն, քանի որ հիվանդությունն առավել ազդում է ուղեղի վրա, ախտանիշները վատթարանում են: Հիվանդության առաջընթաց արագությունն անհատական է յուրաքանչյուրի համար, սակայն ախտորոշումից հետո կյանքի միջին տևողությունը կազմում է ութ տարի:

Թեև ներկայում գոյություն չունի որևէ բուժում, որը կկարողանա դադարեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, սակայն կան դեղեր, որոնք թեթևացնում են թուլամտության ախտանիշները: Անցած երեք տասնամյակների ընթացքում թուլամտության բնագավառում իրականացված հետազոտությունները թույլ տվեցին հասկանալ, թե ինչպես է Ալցհեյմերի հիվանդությունն ազդում ուղեղի աշխատանքի վրա: Այսօր հետազոտողները շարունակում են փնտրել բուժման առավել արդյունավետ եղանակներ, ինչպես նաև միջոցներ, որոնք կկարողանան կանխել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը և բարելավել ուղեղի վիճակը:

Հիշողության կորուստ և Ալցհեյմերի հիվանդության այլ ախտանիշներ

Հիշողության հետ կապված խնդիրները, մասնավորապես վերջերս ստացած տեղեկատվությունը` դժվարությամբ հիշելը, հաճախ Ալցհեյմերի հիվանդության առաջին նշանն է:

Տարիքի հետ մեր գլխուղեղում տեղի են ունենում փոփոխություններ, և երբեմն լինում է, որ դժվարությամբ ենք հիշում որոշ մանրամասներ: Սակայն Ալցհեյմերի հիվանդությունը և թուլամտության մյուս տեսակները բերում են հիշողության կորստի և այլ այնպիսի լուրջ ախտանիշների, որոնք խանգարում են ամենօրյա գործառույթների նորմալ իրականացմանը: Այս ախտանիշները բնորոշ չեն սովորական տարիքային փոփոխություններին:

Հիշողության կորստի ոչ բոլոր դեպքերն են Ալցհեյմերի հիվանդության հետևանքով առաջանում:
Եթե Դուք կամ Ձեր ծանոթն ունի հիշողության հետ կապված խնդիրներ, անհրաժեշտ է բժշկի դիմել: Եթե այդ ախտանիշներն առաջացել են, օրինակ, վիտամինների անբավարարության կամ ընդունած դեղի կողմնակի ազդեցության հետևանքով, ապա դրանք շտկելի են:

Բացի հիշողության կորստից, Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները ներառում են.

  • խնդիրների առաջացում այնպիսի հանձնարարականների իրականացման ժամանակ, որոնք նախկինում դժվարություններ չեն առաջացրել,
  • դժվարություններ` կապված խնդիրների լուծման հետ,
  • տրամադրության և բնավորության փոփոխություն, հարազատներից և ընկերներից օտարում,
  • բանավոր և գրավոր շփման դժվարացում,
  • դժվարություններ տեղանքի, մարդկանց ճանաչման, դեպքերի հաջորդականության վերականգնման ժամանակ,
  • տեսողական ընկալման փոփոխություն, օրինակ, պատկերի վերարտադրման դժվարացում:

Ալցհեյմերի հիվանդության և պրոգրեսիվող թուլամտության մյուս տեսակների ախտանիշները հարազատներն ու ընկերներն ավելի վաղ կարող են նկատել, քան այդպիսի փոփոխություններ կրող անձը: Եթե Դուք կամ Ձեր ծանոթը կրում է թուլամտության հնարավոր ախտանիշները, ապա պատճառի հայտնաբերման նպատակով շատ կարևոր է բժշկական հետազոտության իրականացումը:
Ըստ Ալցհեյմերի հիվանդության պրոգրեսիվման՝ ախտանիշները կարող են ներառել քնի ռեժիմի խանգարում, ընկճախտ, անհանգստություն, դժվարություններ ընթերցանության կամ գրագրության ժամանակ, ագրեսիվ վարք:

Ալցհեյմերի հիվանդության ծանր աստիճանի ժամանակ մարդիկ չեն կարողանում ճանաչել ընտանիքի անդամներին կամ հասկանալ խոսքը:

Ինչպե՞ս է ախտորոշվում Ալցհեյմերի հիվանդությունը

Ոչ մի հետազոտություն չի կարող որոշել, թե արդյո՞ք տվյալ մարդու մոտ առկա է Ալցհեյմերի հիվանդություն: Ախտորոշումն իրականացվում է բնորոշ ախտանիշների հայտնաբերման և թուլամտության մյուս պատճառների բացառման ճանապարհով: Այն ենթադրում է մանրամասն բժշկական հետազոտություն, հոգեկան վիճակի ստուգում, ֆիզիկական և նյարդաբանական զննում, արյան քննություններ և գլխուղեղը վիզուալիզացնող հետազոտություններ, այդ թվում.

  • Գլխի համակարգչային տոմոգրաֆիա Բժիշկները գլխուղեղի ՀՏ-ն կիրառում են թուլամտության մյուս պատճառները բացառելու նպատակով, ինչպիսիք են գլխուղեղի ուռուցքը, ենթակարծրենային հեմատոման կամ կաթվածը:

  • Գլխի ՄՌՏ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) հնարավորություն է տալիս ստանալ օրգանների, փափուկ հյուսվածքների, ոսկրերի և օրգանիզմի գրեթե բոլոր ներքին կառուցվածքների մանրամասն պատկերները: ՄՌՏ-ն կարող է հայտնաբերել ուղեղի անոմալիաներ, որոնք կապված են իմացական չափավոր խանգարումների հետ (MCI) և կարող է կիրառվել նման հիվանդների մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացումը կանխատեսելու համար: Ալցհեյմերի հիվանդության վաղ շրջանում գլխուղեղի ՄՌՏ-ն կարող է լինել նորմայի սահմաններում: Ավելի ուշ շրջաններում ՄՌՏ-ն կարող է հայտնաբերել գլխուղեղի տարբեր մասերի չափերի փոքրացում (հիմնականում ախտահարվում են քունքային և գագաթային բլթերը):

Ինչպե՞ս է բուժվում Ալցհեյմերի հիվանդությունը

Չնայած Ալցհեյմերի հիվանդությունն անբուժելի է, այնուամենայնիվ, կան դեղեր, որոնք դանդաղեցնում են հիվանդության առաջընթացը և պայքարում ախտանիշների դեմ:

2016-06-03

ԼՈՒՐԵՐ

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը աշխատանքի հրավիրում է բուժքույրերի՝ հայերենի և ռուսերենի...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի Ախուրյանի մասնաճյուղում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի...

կարդալ ավելին »