Հայերեն | Русский | English

Ռադիկուլոպաթիայի ախտորոշումն ու բուժումը

2016-01-13

Ռադիկուլոպաթիան ողնուղեղային նյարդերի ախտահարումն է, որն արտահայտվում է ախտահարված նյարդի շրջանում ցավերի, թմրածության և այլ ախտանիշների դրսևորմամբ: Այն կարող է առաջանալ ողնաշարի ցանկացած հատվածում, սակայն հիմնականում զարգանում է գոտկային և պարանոցային շրջաններում: Շատ հազվադեպ ախտանիշները կարող են արտահայտվել կրծքային շրջանում:
Այս վիճակին բերող հիմնական գործոնը մեջքի  երկարատև ծանրաբեռնվածության հետ կապված աշխատանքն է, ընդ որում` հիմնականում ծանր ֆիզիկական աշխատանքը և ձիասպորտը:

Ախտաբանության դրսևորման ռիսկը մեծացնում է նաև ժառանգական գործոնը, սակայն վերջինս բավականին հազվադեպ է հանդիպում:

Պատճառները

Ռադիկուլոպաթիայի ախտանիշները կարող են դրսևորվել տարբեր պատճառներով: Նյարդերի ճնշումը կամ գրգռումը տեղի է ունենում ողնաշարից դուրս գալու հատվածում: Հիմնական պատճառներն են.

1.    սկավառակի ճողվածք,
2.    օստեոֆիտներ,
3.    սպոնդիլոզ,
4.    նյարդի մոտակայքում տեղակայված կապանների հաստացում,
5.    ուռուցքներ,
6.    վարակներ,
7.    սկոլիոզ,
8.    շաքարային դիաբետ,
9.    ողնաշարի դեգեներատիվ կամ բորբոքային հիվանդություններ:

Հիվանդության հստակ պատճառը կարող է պարզել միայն բժիշկը՝ լիարժեք հետազոտությունից հետո:

Ինչպե՞ս է այն դրսևորվում

Ռադիկուլոպաթիայի ախտանիշները լիովին պայմանավորված են նրանով, թե որ նյարդարմատն է ախտահարված: Այնուամենայնիվ, հիմնական դրսևորումներն ընդունված է համարել ցավը, թմրածությունը և ծակծկոցները, որոնք առաջանում են ձեռքերում և ոտքերում: Ցավը կարող է տեղայնացված լինել և դրսևորվել ախտահարված շրջանում: Եթե ախտաբանությունն ընդգրկում է գոտկային շրջանը, ցավը ճառագայթում է ներքև` ոտքեր և ոտնաթաթեր. այս ախտանիշը կրում է իշիաս անվանումը: Եթե ընդգրկված է կրծքավանդակը, ապա ցավը հիշեցնում է կրծքային հեղձուկի նոպա:
Ինչ վերաբերում է սպոնդիլոգեն ռադիկուլոպաթիա հասկացությանը, ապա այս դեպքում առաջացման հիմնական պատճառը ողնուղեղի սկավառակների ախտահարումն է, ինչը հիմնականում սկավառակի ճողվածքն է:

Հազվադեպ կարող է մկանային թուլություն առաջանալ: Ընդ որում, ախտահարման բոլոր ախտանիշները դրսևորվում են մարմնի միայն մի կեսում: Այնուհանդերձ, հատուկ ուշադրություն է դարձվում ցավային համախտանիշին, քանի որ հենց վերջինս է հնարավորություն տալիս հստակ հասկանալ, թե ողնուղեղի հատկապես որ արմատիկներն են ախտահարված:

Տեղայնացված ցավը կարող է թուլանալ կամ ուժեղանալ մարմնի դիրքի փոփոխության հետ կապված: Այն կարող է լինել ինչպես բութ, այնպես էլ սուր բնույթի:

Անդրադարձված ցավը հաճախ որևէ կապ չունի ողնաշարի հետ: Նրա պատճառները կարող են լինել բոլորովին այլ ախտաբանություններ՝  հաճախ վիրաբուժական ուղղվածության: Ընդ որում, այն ծնկներից ներքև չի իջնում, մինչդեռ իսկական արմատիկային ցավը հասնում է մինչև ոտնաթաթեր:

Ոչ պակաս տարածում ունի նաև ցավային համախտանիշը, որն առաջանում է նյարդարմատի ճզման հետևանքով: Այն ունի հստակ սահմաններ և չի լքում ախտահարված նյարդի նյարդավորման շրջանը, սակայն ուժեղանում է քայլելիս կամ նստելիս, ինչպես նաև` փռշտալիս, հազալիս կամ խորը շնչելիս:

Ախտորոշում

Ռադիկուլոպաթիան ախտորոշվում է մանրամասն հետազոտությունից հետո միայն: Այն սկսվում է զննումից և գանգատների ունկնդրումից: Հաճախ հենց այս տեղեկատվությունն է հնարավորություն  տալիս հստակ որոշել, թե որտեղ է գտնվում ախտահարված նյարդը: Անպայման իրականացվում է մկանային ուժի, զգացողության և ռեֆլեքսների ստուգում:

Դրանից հետո անհրաժեշտ է իրականացնել հետազոտություն, որը հնարավորություն կտա հայտնաբերել ախտաբանության պատճառը: Եթե դա ռենտգենագրությունն է, ապա այն հնարավորություն կտա հայտնաբերել վնասվածքը, սպոնդիլոզը կամ ուռուցքը: Ողնուղեղի ավելի հստակ պատկերը ստանալու համար պահանջվում է իրականացնել ՄՌՏ հետազոտություն: Եթե ինչ-որ պատճառով հիվանդը չի կարող անցնել ՄՌՏ, ապա նշանակվում է ՀՏ: Այն հնարավորություն կտա հստակ հասկանալ, թե ինչու է տեղի ունենում ողնուղեղի արմատիկների ճնշում, և արդեն այդ արդյունքից կախված՝ կիրականացվի ռադիկուլոպաթիայի բուժումը, որը կարող է լինել կամ կոնսերվատիվ, կամ` վիրաբուժական:

Ինչպես ազատվել նրանից

Մեծավ մասամբ օգնում է կոնսերվատիվ բուժումը: Այն հիմնականում ցավազրկողների և հակաբորբոքիչների ընդունումն է, ֆիզիոթերապիան, մերսումը, բուժական ֆիզկուլտուրան, կամ այնպիսի միջամտությունների իրականացումը, ինչպիսին է ողնաշարի ձգումը: Հաճախ բուժման սկզբից մինչև առողջացում տևում է 2-3 ամիս:

Երբեմն նույնիսկ երկարատև բուժումից հետո ախտանիշները չեն անցնում: Այն դեպքում, երբ ցավերն ավելի են ուժգնանում և խանգարում նորմալ կենսակերպին, պետք է դիտարկել վիրահատական տարբերակը:  Շատ կարևոր է նյարդարմատի վրա  ճնշման լիովին վերացումը: Հաճախ իրականացվում է լամինէկտոմիա կամ դիսկէկտոմիա` նախապես քննարկելով բոլոր առավելությունները, թերություններն ու հակացուցումները:

Միշտ չէ, որ այս բուժումն օգնում է մշտապես մոռանալ մեջքի ցավերի մասին: Երբեմն ինչպես սկավառակի ճողվածքը, այնպես էլ ուռուցքները և դեգեներատիվ հիվանդությունների դրսևորումները կարող են կրկնվել, այդ դեպքում ախտանիշները կրկին ի հայտ են գալիս:

Ընդհանուր կանխատեսումը բարենպաստ է, քանի որ բուժումը հնարավորություն է տալիս բավականին երկար ժամանակ ազատվել ցավային զգացողություններից: Ինչ վերաբերում է կանխարգելմանը, ապա որևէ  ընդհանուր եղանակ գոյություն չունի, քանի որ այս ախտաբանության պատճառները տարբեր են:

2016-01-13

ԼՈՒՐԵՐ

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը աշխատանքի հրավիրում է բուժքույրերի՝ հայերենի և ռուսերենի...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի Ախուրյանի մասնաճյուղում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի...

կարդալ ավելին »