Հայերեն | Русский | English

Ցավեր ստորին վերջույթների հոդերում. պատճառները, ախտորոշումը, բուժումը

2016-01-15

Վերջին տարիներին նկատվում է հոդերի հիվանդությունների «երիտասարդացում»: Բժիշկներն այս երևույթը  կապում են կենսակերպի, ցածր ֆիզիկական ակտիվության, ոտքերի վրա անհամաչափ և ոչ ֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունների հետ: Թեև հոդերի հիվանդությունները հազվադեպ են կյանքի համար վտանգավոր լինում, ինչպես նկարագրված է ստորև, այնուամենայնիվ,  հենց նրանք են առաջատար դիրք գրավում մարդկանց շարժունակության սահմանափակման պատճառների ցանկում, իսկ դա նշանակում է` խախտվում է ամբողջ առօրյա կենսակերպը, նվազում է աշխատունակությունը՝ բերելով հաշմանդամության:

Ցավեր կոնքազդրային հոդերում

Հետույքի, ազդրերի շրջանում ցավային զգացողությունների ամենահաճախ հանդիպող պատճառը կոնքազդրային հոդերի դեգեներատիվ հիվանդությունն է՝ օստեոարթրոզը (օստեոարթրիտ): Կոնքազդրային հոդերում հիվանդության տեղակայման դեպքում այն նույնիսկ առանձին անվանում է ստացել՝ կոքսարթրոզ:

Բավականին հաճախ հիվանդները ցավը զգում են հոդերի պրոյեկցիայով, սակայն պատճառը տեղակայված է լինում ավելի վեր՝ գոտկատեղում: Օրինակ, օստեոխոնդրոզի, ողնաշարի գոտկային շրջանի ճողվածքների ժամանակ ցավերը շատ նման են կոքսարթրոզի ցավերին:

Ցավերի պատճառները հստակ պարզելու համար անհրաժեշտ է .

  1. խորհրդատվություն բժիշկ վնասվածքաբան-օրթոպեդի և նյարդաբանի հետ,

  2. իրականացնել կոնքազդրային հոդի ռենտգենագրություն, որը ցույց կտա կոնքազդրային հոդը կազմող ոսկրերի վիճակը, կօգնի որոշել հիվանդության շրջանը,

  3. իրականացնել ողնաշարի գորտկասրբանային հատվածի և կոնք-ազդրային հոդերի ՄՌՏ, որը հոդերի հիվանդությունների ախտորոշման «ոսկե չափանիշն» է, քանի որ, ի տարբերություն ռենտգենի, այն ցույց է տալիս ո՛չ միայն ոսկրերը, այլ նաև հոդաճառները, հեղուկը, կապանները:.

Ցավեր ծնկային հոդերում

Այստեղ իրավիճակն այլ է. ի տարբերություն կոնքազդրային հոդերի, ծունկն առավել հակված է վնասվածքների: Այդ պատճառով ծնկան ցավի ամենահաճախ հանդիպող  պատճառները բաժանվում են երկու խմբի՝ դեգեներատիվ հիվանդություններ (գոնարթրոզ) և նախկինում ունեցած վնասվածքների հետևանքներ:

Հիվանդության ախտորոշման համար առավել հաճախ կիրառվող մեթոդներն են.

  1. Ֆիզիկական.  բժիշկ-վնասվածքաբանը հետազոտում է հիվանդին, իրականացնում ֆունկցիոնալ փորձեր, որոնք օգնում է հասկանալ հետազոտության հետագա ընթացքը:

  2. Ռենտգենագրություն. լայնորեն կիրառվում է հասանելիության շնորհիվ, սակայն ոչ միշտ է տեղեկատվական: Այն, սովորաբար, նշանակվում է որպես ախտորոշման առաջին փուլ:

  3. Ծնկան հոդի ՄՌՏ.  վերջին տարիներին հաճախ է նշանակվում, քանի որ օգնում է պարզել հոդաճեղքի, կապանների, սկավառակների վիճակը, այն ամենը, ինչն անմատչելի է ռենգեն հետազոտության ժամանակ:

  4. Արթրոսկոպիա. ախտորոշման միջամտական եղանակ է, որի ժամանակ բժիշկն իրականացնում է հոդապատճի ծակում: Գործողությունը կարող է ախտորոշիչից վերածվել բուժականի, օրինակ, երբ ոտքի ցավի պատճառը հոդային հեղուկի ավելցուկն է:

Ցավեր սրունք-թաթային և ոտնաթաթի հոդերում

Ցավերի ամենատարածված պատճառները տրավմատիկ վնասումներն ու համակարգային (ռևմատոլոգիական) հիվանդություններն են, օրինակ, ռևմատոիդ արթրիտը, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումները (պոդագրա):

Ախտորոշմանը կնպաստեն.

  1. բժիշկ վնասվածքաբան-օրթոպեդը կամ ռևմատոլոգը,

  2. արյան հետազոտությունները. զննումից հետո բժիշկը կարող է նշանակել ռևմատոլոգիական հետազոտություններ (С-ռեակտիվ սպիտակուցի, ռևմատոիդ գործոնի որոշում և այլն՝ պայմանավորված, թե ինչ հիվանդություն է կասկածվում), արյան կենսաքիմիական հետազոտություն՝ միզաթթվի որոշմամբ (պոդագրայի կասկածի դեպքում):

  3. ռենտգենագրություն. ռևմատոլոգիական հիվանդությունների մեծամասնության համար մշակված են ախտորոշման հենց ռենտգենաբանական չափանիշներ, և լրացուցիչ թանկարժեք եղանակների կարիք կարող է չլինել:

Հոդացավերի բուժումը

Լավագույն տարբերակում հոդացերի բուժումը պետք է ուղղված լինի այն առաջացնող պատճառների վրա: Սակայն, ցավոք, ոտքերի հոդացավերի դեպքում այն միշտ չէ, որ հնարավոր է: Այդ պատճառով գրեթե բոլոր դեպքերում հիվանդի տառապանքները նվազեցնելու նպատակով բժիշկը ցավազրկող դեղեր է նշանակում: Առաջին հերթին նշանակվում են ոչստերոիդային հակաբորբոքային (ՈՍՀԲ) խմբի դեղորայք, որոնք նվազեցնում են ո՛չ միայն ցավը, այլ նաև բորբոքումը:

Այն ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ, երբ ՈՍՀԲ-ները չեն օգնում, բժիշկը նշանակում է հորմոնային դեղեր կամ ցիտոստատիկներ:

Եթե ցավերի պատճառը օստեոարթրոզն է (աճառի դեգեներացիան), հիվանդության ուշ շրջանում, սովորաբար, կատարվում է վիրահատություն՝ հոդի փոխարինում էնդոպրոթեզով:

Ցանկացած դեպքում, անկախ պատճառից, հոդերի հիվանդությունները պահանջում են կենսակերպի վերանայում, ինչը ենթադրում է համապատասխան սննդակարգ , հիվանդ ոտքի ծանրաբեռնվածությունը նվազեցնող և մկանային համակարգի զարգացմանը նպաստող ֆիզիկական ակտիվություն:

 

2016-01-15

ԼՈՒՐԵՐ

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հետևելով տեղեկատվական դաշտում առողջապահության նախարարի և բժշկական հանրության միջև ծավալվող ...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը աշխատանքի հրավիրում է բուժքույրերի՝ հայերենի և ռուսերենի...

կարդալ ավելին »