Հայերեն | Русский | English

Ամենագլխավորը երակների վարիկոզ լայնացման մասին

2016-01-17

Վարիկոզը ճիշտ է անվանել ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն: Վարիկոզ հիվանդությունը ենթամաշկային երակների լայնացումն է, որն ուղեկցվում է «հանգույցների» առաջացմամբ (տեղային լայնացումներ` նման անևրիզմային) և այդ երակներով երակային արտահոսքի խանգարմամբ: Երակները չափերով մեծանում են՝ անոթի պատի բարակեցման հաշվին, այդպիսով, մեծանում է նրանց տրամագիծը: Հիվանդությունը չբուժելու դեպքում այն դառնում է առավել վտանգավոր. անխուսափելիորեն պրոգրեսիվում է, ժամանակի ընթացքում կարող է բերել թրոմբների առաջացման, բորբոքումների, տրոֆիկ խանգարումների: Վարիկոզ հիվանդության ժամանակ թրոմբոզի առաջացման ռիսկը և՛ ենթամաշկային, և՛ խորանիստ երակային համակարգում մեծանում է 12 անգամ: Այսինքն, ամեն ինչ այնքան էլ անվնաս չէ…

Առաջացման պատճառները

Հիվանդության զարգացման հիմնական պատճառներն են.

  • ժառանգական նախատրամադրվածությունը,
  • երակային ճնշման բարձրացումը (ուղղահայաց դիրքում երկարատև ծանրաբեռնվածության, քաշի ավելցուկի, նստակյաց կենսակերպի հետևանքով),
  • հորմոնային և ներզատիչ համակարգի աշխատանքի խանգարումը (վահանաձև գեղձի հիվանդություններ, հորմոնային խանգարումներ,  սեռական հասունացման շրջան, հղիություն, դաշտանադադար):

Ախտանիշներ

Երակների վարիկոզ լայնացման հիմնական կլինիկական դրսևորումներն են.

  • երեկոյան ժամերին ստորին վերջույթների այտուցներ,
  • երկարատև ուղղահայաց դիրքում գտնվելուց հետո ոտքերում ծանրության զգացում և ցավ,
  • սրունքների մկաններում գիշերային ցնցումներ,
  • ցավեր երակների տեղակայման պրոյեկցիայով,
  • ոտքերին անոթային «ցանցի» առաջացում:

Հիվանդության ծայրահեղ աստիճանը երակային տրոֆիկ խոցն է, որը հյուծում է հիվանդներին իր երկարատև ընթացքով և հաճախակի կրկնություններով: Տրոֆիկ խոցն ախատաբանություն է, որն առանց վիրահատական միջամտության չի բուժվում:

Ինչու՞ է անհրաժեշտ դիմել անոթաբանին (անոթային վիրաբույժ)

Երակային անոթների հիվանդությունների բուժման և խորհրդատվության համար անհրաժեշտ է դիմել որակավորված մասնագետի՝ բժիշկ-երակաբանին կամ անոթային վիրաբույժին, ով երակային համակարգի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման և ուղեկցող ախտաբանությունների հայտնաբերման վերջին օղակն է, ուստի նա է որոշում հիվանդի բուժման լավագույն մարտավարությունը:

Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումը

Ներկայում երակային համակարգի հիվանդությամբ որևէ հիվանդի չի կարելի համարել հետազոտված, եթե չի իրականացվել ուլտրաձայնային դուպլեքս սքանավորում: Հետազոտության այս եղանակը դարձել է վարիկոզ հիվանդության ախտորոշման ոսկե չափանիշ հետևյալ փոխհարաբերությամբ՝ «տեղեկատվություն — արդյունավետություն — անվտանգություն —մատչելիություն»:

Մեր կլինիկայում առաջարկվում է ժամանակակից եղանակ՝ դուպլեքս սքանավորում գունավոր դոպլեր քարտեզագրումով, որը երակային անբավարարության հայտնաբերման ոչ միջամտական և առավելագույն տեղեկատվությամբ եղանակ է: Այն հնարավորություն է տալիս որոշել անոթների անցանելիությունը և խորանիստ երակների փականային համակարգի վիճակը (սրունքի երակներից մինչև ստորին սիներակ), ինչպես նաև արյան հոսքի ուղղությունը երակային համակարգի պերֆորանտ և մակերեսային անոթներով:

Լրացուցիչ հետազոտությունից և հիվանդության հստակ պատճառի հայտնաբերումից  հետո բուժումը կարող է լինել կոնսերվատիվ կամ վիրահատական, կամ կարող է կիրառվել երկու եղանակների համակցումը:

Որքանո՞վ է անվնաս էսթետիկ երակաբանությունը

Էսթետիկ երակաբանությունը հրաշալի լուծում է միկրովարիկոզի կամ մակերեսային երակների ավազանում մեկուսացված փոփոխությունների հետ կապված խնդիրները՝ այլ լուրջ շեղումների բացակայության և կոսմետիկ արատների շտկման կարիքի դեպքում:

Այս դեպքում հիվանդի էսթետիկ խնդիրները երակաբանը լուծում է միկրոսկլերոթերապիայի տեխնոլոգիայի կիրառմամբ, որը մասնագետների շրջանում կոչվում է «սկլերոզացում»: Խոսքն ամբուլատոր իրականացվող բուժման մասին է, որի էությունն ախտահարված անոթի մեջ հատուկ նյութի՝սկլերոզանտի ներարկումն է , այն սկլերոզացնում է ախտահարված անոթը՝ վերածելով այն չգործող լարի, ինչի շնորհիվ երակը դադարում է նկատելի լինել:

Որպես կանոն, անոթային ցանցերն իսպառ վերացնելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի քանի սեանս (սովորաբար, 3-4): Քանի որ բուժման ընթացքում ընդգրկվում է մաշկի միայն վերին շերտը, հիվանդի զգացողությունները սահմանափակվում են թեթև ծակծկոցներով: Այն բացարձակապես անվնաս գործողություն է: Երբեմն սկլերոթերապիայի կիրառումը հնարավորություն է տալիս խուսափել վիրաբուժական միջամտությունից:

Վիրահատական բուժում

Դժբախտաբար, հիվանդները բժշկի դիմում են, երբ արդեն բուժման կոնսերվատիվ եղանակներն անարդյունավետ են և անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն՝ մակերեսային երակներից խորանիստ երակներին ախտաբանական գործընթացի անցումը կանխարգելելու նպատակով:

Վիրահատության ցուցումներն են.

  • կոնսերվատիվ բուժման չենթարկվող երակների տարածուն ախտահարումը,
  • երակային հոսքի խանգարումը և այտուցները,
  • Վարիկոզի բարդացումը (տրոֆիկ խոցերի և թրոմբոֆլեբիտի առաջացում), թրոմբոֆլեբիտի առաջին նախանշանները (ցավ, գերարյունություն` վարիկոզ փոփոխված երակների ընթացքով), սովորաբար, առաջանում են հանկարծակի՝ հարաբերական բարեկեցության ֆոնի վրա:

Վարիկոզ հիվանդության վիրահատական բուժման հիմնական խնդիրն արյան ախտաբանական շարժման վերացումն է (երակային հետհոսք): Այն իրականացվում է ախտահարված անոթի լուսանցքի լիովին փակումով կամ նրա հեռացումով, որին հաջորդում է արյան հոսքի վերաբաշխումն առողջ երակներով: Գործնականում այն իրականցվում է մեթոդների համակցությամբ. խոշոր երակների համար կիրառվում է հեռացում, իսկ ոչ մեծ ճյուղերի համար՝ հեռացում միկրոֆլեբէկտոմիայի կամ սկլերոզացման սկզբունքով: Միկրոֆլեբէկտոմիայի վիրահատության էությունը երակների ախտահարված հատվածների հատումն է ոչ մեծ կտրվածքների (2-3մմ) կամ անցքերի միջոցով, որից հետո դրվում են կոսմետիկ կարեր:

Վիրահատական միջամտության տվյալ տեսակը քիչ վնասվածքային է, չի պահանջվում երկարատև նախապատրաստում և հետվիրահատական երկարատև վերականգնողական շրջան, իրականացվում է տեղային անզգայացմամբ: Վիրահատությունից հետո բժիշկը հիվանդին նշանակում է կոմպրեսիոն և դեղորայքային բուժում, տալիս հիվանդության կանխարգելման հետ կապված խորհուրդներ:
 
Վարիկոզի բուժումն առանց վիրահատության՝ գրագետ կոմպրեսիոն բուժում

Կոմպրեսիոն բուժումը ենթադրում է խախտված երակային համակարգի բեռնաթափմանն ուղղված միջոցառումներ (կոմպրեսիոն տրիկոտաժի կրում կամ լիմֆադրենաժային մերսում):

Հաճախ հանդիպում են վարիկոզ հիվանդությամբ տառապող այնպիսի հիվանդներ, որոնց բուժման համար տարբեր պատճառներով չի կարելի կիրառել միջամտական եղանակներ: Այս դեպքում կիրառվում է կոնսերվատիվ բուժում, որի հաջողության գրավականը ստորին վերջույթների էլաստիկ կոմպրեսիան է:

Կոմպրեսիոն զուգագուլպաները պետք է կրել մշտապես, սակայն միայն ցերեկը: Հիվանդն այն պետք է կրի վաղ առավոտից՝ մինչև անկողնուց վեր կենալը, երբ ենթամաշկային երակները դեռ չեն լցվել, և կրի ամբողջ օրվա ընթացքում՝ քանի դեռ ոտքի վրա է: Ճիշտ կոմպրեսիոն տրիկոտաժ կարող է ընտրել միայն բժիշկ-երակաբանը (անոթային  վիրաբույժը):

Անկախ նրանից, թե որքան է տևում  ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը, կրու՞մ է տարածուն թե տեղայնացված բնույթ, նախկինում  ձեռնարկվե՞լ են, արդյոք, բուժման փորձեր, փոփոխությունների շտկման նպատակով անհրաժեշտ է դիմել անոթաբանին: Դրանից է կախված ո՛չ միայն հարցի էսթետիկ կողմը, այլ նաև հիվանդի կյանքը:

 

2016-01-17

ԼՈՒՐԵՐ

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը աշխատանքի հրավիրում է բուժքույրերի՝ հայերենի և ռուսերենի...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի Ախուրյանի մասնաճյուղում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի...

կարդալ ավելին »