Հայերեն | Русский | English

Փոքր երեխաների գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն

2016-04-05

Գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան այսօր ախտորոշման ամենատեղեկատու մեթոդներից է:

Նյարդաբանական և նյարդավիրաբուժական հիվանդությունների ճիշտ ախտորոշումը դյուրին չէ նույնիսկ բարձր որակավորում ունեցող մասնագետի համար: Իսկ երբ խոսքը գնում է փոքր երեխաների մասին, այստեղ արդեն թանկ է յուրաքանչյուր օրը, քանի որ շատ դեպքերում մարդու հետագա ամբողջ կյանքը կախված է, թե որքան արագ և ճշտգրիտ կիրականացվի ախտորոշումն ու բուժումը:

Այսօր նյարդաբանների և մյուս մասնագետների մոտ հայտնվել է հետազոտության հզոր զենք՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ): Սակայն ծնողների մոտ տվյալ հետազոտության վերաբերյալ ծագում են բազմաթիվ հարցեր:

Ինչո՞վ է ՄՌՏ-ն տարբերվում հետազոտության մյուս տեսակներից, ինչպիսիք են, օրինակ, նյարդասոնոգրաֆիան, համակարգչային ախտորոշումը, էլեկտրաէնցեֆալոգրաֆիան և այլն:

Գլխուղեղի ՄՌՏ-ն հետազոտության առավել անվտանգ և անցավ եղանակ է: Այն հնարավորություն է տալիս ստանալ ուղեղի հստակ և բարձրորակ պատկեր մագնիսական դաշտերի միջոցով՝ առանց օրգանիզմի վրա ռենտգեն ճառագայթների կամ ռադիացիայի ազդեցության: ՄՌՏ հետազոտության ժամանակ մենք տեսնում ենք կառուցվածքներ, որոնք չեն երևում այլ հետազոտությունների դեպքում:

Տարբերակվում են գորշ և սպիտակ նյութերը, գալարները, ակոսները, բրտամարմինը, հիպոկամպը, հիպոֆիզը, խորը կառուցվածքները և այլն: Այսպիսով, շատ ախտաբանական փոփոխություններ կարելի է հայտնաբերել միայն ՄՌՏ հետազոտության միջոցով: Սակայն ՄՌՏ-ն, ինչպես և մյուս եղանակները, հանդիսանում է լրացուցիչ: ՄՌՏ հետազոտությունից հետո Դուք եզրակացություն եք ստանում, այլ ոչ՝ ախտորոշում:

Կա կարծիք,  որ ՄՌՏ-ն առավել տեղեկատու եղանակ է և կարող է փոխարինել ախտորոշման մյուս եղանակներին: Արդյո՞ք այդպես է:

ՀՏ-ն, ՄՌՏ-ն, նեյրոսոնոգրաֆիան և մյուս եղանակներն ունեն տարբեր ցուցումներ: Շատ բան կախված է ուղեգրող բժշկի արհեստավարժությունից, ով պետք է հստակ պատկերացում ունենա, թե ինչ նպատակով է իրականացվում հետազոտությունը:

Ճիշտ չէ ՄՌՏ-ն համեմատել հետազոտության մյուս եղանակների հետ, քանի որ այն, ինչ մենք կարող ենք տեսնել ՄՌՏ-ով, չենք կարող տեսնել այլ հետազոտություններ իրականացնելով և՝ հակառակը:

Օրինակ, համակարգչային տոմոգրաֆը կիրառվում է այն դեպքերում, երբ խնդիրը պետք է շտապ հայտնաբերել՝ «այստեղ և հիմա». գանգի կոտրվածքներ, արյունազեղում, կրակալված գոյացություններ և այլն:

Ի՞նչ է նշանակում ՄՌՏ կոնտրաստով և առանց կոնտրաստի, և որքանո՞վ է այն վտանգավոր:

Կոնտրաստ նյութը բնական ծագման գադոլինիումի հարաբերականորեն անվտանգ  միացություն է:

Այն պետք է ներմուծել միայն անհրաժեշտության դեպքում: Կոնտրաստ նյութի կիրառումը արդարացված է այն դեպքում, երբ առանց նրա մասնակցության անհնար է տեսնել օջախային, ծավալային, բորբոքային ախտահարումները, օրինակ, ցրված սկլերոզ հիվանդության ախտորոշման ժամանակ:

Փոքր երեխայի հետազոտությունն առանց անզգայացման հնարավոր չէ իրականացնել: Կա կարծիք, որ ընդհանուր անզգայացումը վտանգավոր է. այն կարող է դանդաղեցնել երեխայի զարգացումը, օրգանիզմում առաջացնել այս կամ այն բացասական ռեակցիաները և այլն: Որքանո՞վ է արդարացված այդ կարծիքը: Վտանգավո՞ր է արդյոք ՄՌՏ-ի ժամանակ կիրառվող ընդհանուր անզգայացումը:

Մինչև 4-5 տարեկան երեխաներին ՄՌՏ հետազոտությունն իրականացնելիս անզգայացումն, իսկապես, անհրաժեշտ է, քանի որ հետազոտության ընթացքում երեխան պետք է պառկի հենց կենտրոնում և անշարժ: Ամենափոքր շարժումների ժամանակ անգամ նկարն աղավաղվում է և կարիք է լինում կրկնել հետազոտությունը:

Տեսականորեն, նաև, ոչ-ոք ապահովագրված չէ ալերգիայից, անաֆիլակտիկ շոկից, և օրգանիզմի նման ռեակցիա կարող է լինել ցանկացած դեղանյութի նկատմամբ: Ցանկացած գործողություն իրականացնելիս միշտ առկա են որոշակի ռիսկեր, այդ թվում նաև ընդհանուր անզգայացում իրականացնելիս:

Փոքր երեխաների համար, սովորաբար, կիրառվում են կարճատև ազդեցության պրոպոֆոլային դեղանյութեր, որոնք արագ են ազդում և արագ օրգանիզմից դուրս բերվում, ինչպես նաև նյարդային համակարգի վրա գործնականում որևէ ազդեցություն չեն թողնում: Դա բացատրվում է նրանով, որ երեխաների մոտ նյարդային համակարգը վերջնական ձևավորված չէ: Ընդգծենք, որ ՄՌՏ իրականացման ժամանակ մենք կիրառում ենք միայն պրոպոֆոլ (ատարակտիկների, տրանկվիլիզատորների կիրառումը բացառվում է, քանի որ դրանք կարող են բերել շնչառության ընկճման, անզգայացման ժամկետի երկարացման): Պրակտիկորեն արձանագրված չէ դեպք, երբ անզգայացման այդ տեսակից հետո փոքր երեխաների մոտ դիտվեր որևէ խնդիր:

Չմոռանանք «նպատակահարմարություն» հասկացության մասին: Ցանկացած դեղանյութի ընդունումը ռիսկ է, իսկ չընդունելը, հնարավոր է, ավելի մեծ ռիսկ: Ընտրությունը մերն ձեռքերում է:

2016-04-05

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »