Հայերեն | Русский | English

Ցավում է ուսը. ո՞ր հետազոտության եղանակն է լավագույնը

2016-11-16

Ձեռքի շարժունակությունը հիմնականում պայմանավորված է ուսահոդի վիճակով, որը մարդու մարմնի ամենաբարդ և ծանրաբեռնված հոդերից է:

Նրա առանձնահատկությունը պայմանավորված է փոխազդող բարդ ռելիեֆային  մակերեսների` ենթաթիակային փոսի և բազկոսկրի գլխիկի չափերի տարբերությամբ: Այս անհամապատասխանությունը համակշռվում է բարդ մկանային համակարգով՝ բաղկացած թիակային, կրծքային և դելտայաձև մկաններից ու լոկալ պտտող մանժետից: Կապանային համակարգը նույնպես առանձնանում է իր բարդությամբ և շատ խառը կինեմատիկ սխեմայով: Շարժումների լայն միջակայքը և բավականին մեծ ծանրաբեռնվածությունները, որոնց ենթարկվում է ուսային հոդը, պայմանավորում են նրա վնասվածքի առաջացման բարձր ռիսկը:

Ուլտրաձայնային հետազոտությունն (ՈւՁՀ) ուսահոդի և պարանոցային հատվածի հիվանդությունների ախտորոշման առաջնային եղանակն է:

Ներկայում ՈւՁՀ-ն շարունակում է մնալ ուսահոդի ախտաբանությունների հայտնաբերման և գնահատման ամենամատչելի և հավաստի եղանակներից մեկը:

Ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումների բարձր թույլատրելի հնարավորությունը, ոչ միջամտական եղանակը և ճառագայթային ծանրաբեռնվածության բացակայությունը նախապայմաններ ստեղծեցին ուսահոդի ախտաբանական փոփոխությունների ախտորոշման մեջ ՈւՁՀ լայն կիրառության համար: Այս եղանակը հնարավորություն է տալիս հայտնաբերել փափուկ հյուսվածքների հնարավոր վնասումները, ինչպես նաև հասկանալ` արդյո՞ք այդ փոփոխությունները կապված են տարիքի հետ, թե՞ առաջացել են չափից ավելի ծանրաբեռնվածության կամ վնասվածքի հետևանքով:

Ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումների լրացուցիչ ֆունկցիաների շնորհիվ ՈւՁՀ-ն  հնարավորություն է տալիս  դեռևս վաղ շրջանում հայտնաբերել հոդերում և փափուկ հյուսվածքներում բորբոքային և դեստրուկտիվ  փոփոխությունները, որոշել հոդախոռոչում և հարհոդային պարկերում նվազագույն ծավալով ազատ հեղուկի առկայությունը, գնահատել այդ հեղուկի բնույթը:

Բացի այդ, ՈւՁՀ-ն բացարձակ անվտանգ գործողություն է, որն օրգանիզմին որևէ վնաս չի հասցնում, այն կարելի է իրականացնել որոշակի հաճախությամբ, օրինակ` բուժման դինամիկան և առաջընթացը ուսումնասիրելու նպատակով:

Ռենտգեն հետազոտությունն ամենահին ոչ միջամտական ախտորոշիչ  եղանակներից է: Այս դեպքում մարմնի այս կամ այն մասը ենթարկվում է ոչ մեծ չափաբաժնով իոնիզացնող ճառագայթման, որը հնարավորություն է տալիս ստանալ նրանց պատկերը: Այս հետազոտությունը ցույց է տալիս միայն ոսկրերի վիճակը և հոդի անատոմիական կառուցվածքը, ցավոք, փափուկ հյուսվածքների, կապանների, պատիճների, աճառների մասին տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ: Այդ պատճառով անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ: Կանայք հետազոտվելիս պետք է իրենց բուժող բժշկին կամ ճառագայթաբանին անպայման տեղեկացնեն հնարավոր հղիության մասին:

Մագնիսա-ռեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆիա իրականացվում են, եթե վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն կա:

Այս հետազոտությունը վնասվածքաբան-օրթոպեդին հնարավորություն է տալիս մանրամասն պլանավորել վիրահատության տեսակն ու ընթացքը:

Ի դեպ

Ուլտրաձայնային հետազոտության առավելությունն է. ուսի բոլոր տարրերը կարելի է գնահատել շարժման ընթացքում, պացիենտը` շարժելով ձեռքը, կարող է ցույց տալ, թե հատկապես որտեղ և ինչպիսի շարժումներն են ցավ առաջացնում: Հետազոտության ժամանակ պացիենտի ձեռքը կարելի է պտտել դեպի ներս, դեպի դուրս, անհրաժեշտության դեպքում պացիենտը կարող է նաև ուսը հետ տանել:

2016-11-16

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »