Հայերեն | Русский | English

Ցրված սկլերոզի ժամանակ կիրառվող ախտորոշման հեղանակները

2017-03-10

Ցրված սկլերոզը  (ՑՍ) քրոնիկական վիճակ է, որի ընթացքում տեղի է ունենում գլխուղեղի և ողնուղեղի նյարդաթելերի պաշտպանիչ ծածկույթի՝ միելինի վնասում: Արդյունքում խախտվում է  գլխուղեղի և ողնուղեղի միջև կապը: Ցրված սկլերոզի ախտանիշները ժամանակի ընթացքում վատթարանում են: Հիվանդի մոտ առաջանում են տեսողության, աղիների հետ կապված խնդիրներ, միզապարկի գործունեության խանգարումներ, դժվարություններ քայլելու ընթացքում, հոգնածություն և թուլություն:

Բժիշկներին հայտնի չէ ցրված սկլերոզի առաջացման պատճառները, և ներկայումս տվյալ հիվանդության համար դեղամիջոցներ չկան: Ոչ մի մեթոդ չի կարող վերջնականապես ախտորոշել ՑՍ-ն:

Մարդու մոտ տվյալ հիվանդությունը գլխուղեղում և ողնուղեղում առաջացնում է սպիական կամ վնասման ոչ մեծ տեղամասեր:  Հետազոտման ճառագայթային եղանակները կարող են օգնել բժիշկներին հայտնաբերել այդ վնասումները՝ ցրված սկլերոզի ախտորոշումը հաստատելու համար: Ախտորոշելուց առաջ բժիշկը պետք է պարզի, արդյոք ախտահարման օջախները հայտնաբերված են գլխուղեղի և ողնուղեղի երկու  շրջաններում էլ:

Ցրված սկլերոզի տարբերակիչ ախտորոշումը

Բժիշկը պարտավոր է նաև այլ հետազոտություններ իրականացնել՝ մյուս հիվանդությունները բացառելու նպատակով: ՑՍ-ը հիշեցնող իրավիճակներ կարող են հանդիսանալ վիտամին В12-ի արտահայտված անբավարարությունը, շարակցահյուսվածքային հիվանդությունները և Գիյեն-Բարեյի համախտանիշը:

Մարդը կարող է ՑՍ-ի ախտանիշներ ունենալ միայն մեկ անգամ, այն հայտնի է որպես կլինիկական մեկուսացված համախտանիշ: Մարդու մոտ ՑՍ ախտորոշելու համար բժիշկը պետք է հայտնաբերի մի քանի վնասումներ, որոնք առաջացել են մեկը մյուսից առնվազն մեկ ամիս հետո:

ՄՌՏ-ի դերը ցրված սկլերոզի ախտորոշման մեջ

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)  իրենից ներկայացնում է արտապատկերման եղանակ, որի ժամանակ կիրառվում է մագնիսական դաշտ, ինչպես նաև ռադիոալիքներ՝ հյուսվածքներում ջրի պարունակության չափման ճանապարհով պատկերների ստեղծման համար: Ի տարբերություն համակարգչային տոմոգրաֆիայի(ՀՏ) կամ ռենտգենային սքանավորման, ՄՌՏ -ն կապված չէ ռադիացիոն ճառագայթման հետ: ՄՌՏ –ն հանդիսանում է  կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հատվածների արտապատկերման առավել զգայուն, ոչ միջամտական եղանակ: Այն հանդիսանում է ՑՍ-ի ախտորոշման և տվյալ հիվանդության պրոգրեսիվման վերահսկման «հետազոտման նախընտրելի եղանակ»: Ճառագայթաբանը վերլուծում է  ՄՌՏ –ի արդյունքները և փոխանցում այն բժշկին: Բժիշկը պետք է որոշի. դա ՑՍ է, թե վնասումներն առաջացել են որևէ այլ պատճառով, օրինակ, կաթվածի, միգրենի կամ բարձր զարկերակային ճնշման հետևանքով: 

Թեև ՄՌՏ-ն չափազանց կարևոր է ՑՍ-ի ախտորոշման առումով, սակայն միշտ չէ, որ այն ճշգրիտ ախտորոշում է ապահովում: Ըստ տվյալների գնահատման՝ ՑՍ-ով մարդկանց 5%-ի մոտ ՄՌՏ արտապատկերմամբ վնասումներ չեն հայտնաբերվում: Բացի այդ, ծերացման ժամանակ առաջանում են գլխուղեղի ոչ մեծ վնասումներ, որոնք կապված չեն ՑՍ-ի հետ: Սա հատկապես արդիական է 50 տարեկանն անց մարդկանց համար:.

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննություն

ՑՍ-ի ախտորոշման նպատակով բժիշկները կարող են կիրառել նաև հետազոտման այլ եղանակներ: Դրանցից մեկը հանդիսանում է ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննությունը: Որոշ հակամարմինների առկայությունը ողնուղեղային հեղուկում կարող է վկայել տվյալ մարդու մոտ ՑՍ-ի առկայության մասին:

Եթե հիվանդի մոտ ախտորոշվել է ՑՍ, բժիշկը, հավանաբար, կշարունակի կիրառել ՄՌՏ-ն՝ բուժման լավագույն եղանակներն ընտրելու, ինչպես նաև  հիվանդության զարգացումը գնահատելու նպատակով: Օրինակ, եթե բժիշկը ՑՍ-ի ախտանիշների կանխարգելման  նպատակով նշանակել է որևէ դեղամիջոց, իսկ ՄՌՏ-ն ցույց է տալիս, որ վնասումն ավելի արտահայտված է, հնարավոր է այլ բուժում պահանջվի:

Գոյություն ունեն ՑՍ-ի տարբեր տեսակներ: Որոշ տեսակներ կարող են արձագանքել ցրված սկլերոզի պրոգրեսիվումը դանդաղեցնող դեղամիջոցներին: Այդ դեղամիջոցները ներառում են բետա ինտերֆերոններ, գլատիրամեր ացետատ և դիմեթիլային ֆումարատ: Մյուս դեղամիջոցները, ինչպիսիք են կորտիկոստերոիդները, նվազեցնում են նյարդերում բորբոքումը: Սակայն այս բոլոր դեղերը կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ:

Որոշ դեղամիջոցներ կենտրոնացած են ՑՍ-ի ախտանիշների նվազեցման վրա: Այդ դեղորայքը նախատեսված է հոգնածության բուժման, աղիների աշխատանքի լավացման և միզապարկի գործունեության խանգարման վերացման, ինչպես նաև ընկճախտի նվազեցման համար:

Գրականություն

  1. Matsushita T. et al. Characteristic cerebrospinal fluid cytokine/chemokine profiles in neuromyelitis optica, relapsing remitting or primary progressive multiple sclerosis //PloS one. — 2013. — Т. 8. — №. 4. — С. e61835.
  2. Ozturk A. et al. Axial 3D gradient-echo imaging for improved multiple sclerosis lesion detection in the cervical spinal cord at 3T //Neuroradiology. — 2013. — Т. 55. — №. 4. — С. 431−439.
  3. Perazella M. A. Gadolinium-contrast toxicity in patients with kidney disease: nephrotoxicity and nephrogenic systemic fibrosis //Current drug safety. — 2008. — Т. 3. — №. 1. — С. 67−75.

 

2017-03-10

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »