Հայերեն | Русский | English

Ռադիոլոգիական այսբերգի չերևացող մասը

2017-06-27

Գնալով ազգաբնակչության ավելի լայն շերտեր են առընչվում տոմոգրաֆիկ հետազոտությունների հետ, որոնք այսօր կազմում են ախտորոշման գործընթացի գրեթե անբաժանելի մասը:

Կան արդյ՞ոք այդ բնագավառում կոռռուպցիոն ռիսկեր՝ որոշեցինք զրուցել Հայաստանում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հիմնադիր, «Ուլտրաիմիջինգ» Ռադիոլագիայի Գիտամեթոդական կենտրոնի բժշկական տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, բ. գ. թ. Արամ Քոչարյանի հետ:

–   Իհարկե, բարձրացված խնդիրն արդիական է: Անգամ նեղ մասնագիտական տեսանկյունից առկա են բազմաթիվ հարցեր: Մոտ 5 տարի առաջ ցանկանալով ընդհատել հանրապետությունում ողնաշարային ճողվածքների – «գռիժաների» միլիմետրերի պրիմիտիվ աճուրդը, մենք առաջինը դադարեցրինք դրանց չափումները։ Մինչ օրս մեր կենտրոնից դուրս եկող եզրակացությունների դարձերեսին միջազգային ստանդարտներից ելնելով պարզաբանել ենք նմանատիպ չափումների սուբյեկտիվ լինելը, առաջարկելով ավելի հավաստի չափորոշիչ: Իհարկե մենք սպասում էինք, որ կլինի դիմադրություն և կանխատեսում էինք 20-25% հիվանդների հոսքի անկում, սակայն հոսքը դադարեց ավելի քան 50%-ով:

–  Իսկ փորձե՞լ եք այլ կերպ պաշտպանել Ձեր տեսակետը:

–  Այո, մենք սկսեցինք հիմնավորել մեր տեսակետը հրապարակային գիտական հոդվածների տեսքով: Այնուհետև օգտվելով 2015թ. Հայաստանի 4-րդ Միջազգային Բժշկական Համագումարում սեկցիայի ղեկավարի կարգավիճակից կրկին հնչեցրեցինք հարցը: Բանավեճի արդյունքում կարծիքները կիսվեցին: Հարցը լրջացավ և պահանջեց հրատապ լուծում, երբ որոշ քրեական գործեր հարուցվեցին ճողվածքների և դրանց չափերի տարաձայնությունների պատճառով։ Բանն այն է, որ մի մասնագետի նշած չափի արդյունքում շնորհվում էր անաշխատունակության աստիճան կամ որոշում էր կայացվում զինակոչից տարկետման մասին, իսկ մեկ ուրիշ մասնագետ, նույն դեպքի վերաբերյալ, որպես երկրորդ կարծիք, տալիս էր մեկ այլ չափ, որը տարբերվում էր նախորդինից հերքելով անաշխատունակության կամ տարկետման համապատասխանությունը:

–  Այդ ամենից հետո, բացի իրավապահ մարմիններից, որևիցե պետական ատյանի հետաքրքրե՞ց հարցը:

–  Հավանաբար հաշվի առնելով զարգացումները ամենախոշոր փորձագիտական եզրակացությունների պատվիրատուներից մեկը՝ Պաշտպանության Նախարարությունը, նախաձեռնեց քննարկումներ՝ ընդգրկելով փորձագետների, քաղաքացիական և ռազմական բժիշկների։ Այնուհետև քննարկումները շարունակվեցին Առողջապահության Նախարարությունում ամենաբարձր մակարդակով գլխավոր մասնագետների, բուժծառայության պետերի և շահագրգիռ փորձագիտական կենտրոնների պատասխանատուների, ինչպես նաև պրակտիկ ռադիոլոգների և բժշկական համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկումների հիման վրա 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին արձակվեց Առողջապահության Նախարարի № 2991-Ա հրամանը, որում պարզաբանվում է թե՞ ինչպես ձևակերպել ռադիոլոգիական եզրակացությունները, հաշվի առնելով համաշխարհային փորձը։ Հրամանում ուղղակիորեն արգելվում է ողնաշարի ճողվածքների ժամանակ նշել միլիմետրերով չափերը` երևույթը բնութագրելով որպես արատավոր և անընդունելի պրակտիկա:

  Իսկ ինչպիսին՞ է իրավիճակն այսօր:

–  Արդյունքները միանշանակ համարել չի կարելի․ Բանակն այս հարցում զբաղեցնում է առաջատար դիրքեր փոխելով փորձագիտական չափորոշիչները, որի արդյունքում մեկ տարվա ընթացքում, ողնաշարի ճողվածքների պատճառով մեր ունեցած տվյալներով շուրջ 10 անգամ նվազել են զինակոչիկների տարկետման դեպքերը: Սակայն, միևնույն ժամանակ, ռադիոլոգների, կլինիցիստների և՛ հարբժշկական մասնագետների գերակշռող մասի կողմից շարունակվում են կիրառվել միլիմետրերով չափումները: Այստեղից հարց է ծագում, ինչու՞ նրանք չեն վերափոխվում այսօրվա պահանջներին համահունչ, չէ որ այսօր էլ շարունակվում են հարուցվել քրեական գործեր ճողվածքների միլիմետրերի դրվագներով:

–  Իսկ կա՞ն որևիցե այլ երկրներ, որտեղ ևս ճողվածքների չափումները նշվում են միլիմետրերով:

–  Իհարկե կան: Դրանք այն երկրներն են, որտեղ ևս կոռռուպցիոն ռիսկերը բարձր են։ Հիմնականում դա հետխորհրդային տարածաշրջանի որոշ երկրներն են։ Երկու տարի առաջ ՌԴ Ռադիոլոգների կոնգրեսի բացմանը մեր կողմից ակնարկվեց այդ մասին: ՌԴ գլխավոր ռադիոլոգը մասնավոր զրույցում նշեց, որ նույն հարցն անհանգստացնում է նաև իրենց։ Մեկ տարի անց ՌԴ ռադիոլոգների 100-ամյա հոբելյանական կոնգրեսին, որպես սեկցիայի համանախագահ նույն թեմայով հանդես եկա գիտական զեկույցով: Հետադարձ արձագանքներում մասնակիցները նշում էին, որ առաջարկը պարունակում է բազմաթիվ հարցերի պատասխաններ:

–  Ո՞րն է այդ դեպքում Ձեր կարծիքով նպատակահարմար ճանապարհը կյանքի կոչելու քաղաքակիրթ աշխարհին բնորոշ և նվազ կոռռուպցիոն ռիսկեր պարունակող մեթոդը:

–  Քանի որ երևույթը բազմաշերտ է, կարծում եմ քայլերն էլ պետք է լինեն մի քանի ուղղություններով:

Նախ Առողջապահության Նախարարության հրամանի անշեղորեն կատարման և դրա վերահսկման ներքո ժամանակն է, որ բժիշկներն ընկալեն փոփոխությունների անհրաժեշտությունը և կիրառեն դրանք: Հակառակ դեպքում գոյություն ունեցող վիճակը կգնահատվի, որպես ճողվածքների միլիմետրերի չափումներով առաջացած անառողջ, ոչ ֆորմալ հարաբերությունների արտոնում:

Երկրորդ հերթին անհրաժեշտ է ներդնել «փափուկ ուժի» գաղափարը և մասնագետներին կրթելու միջոցով ծանոթացնել միջազգային ռադիոլոգիական ստանդարտներին:

Այնուհետև անհրաժեշտ է անել այն, ինչը արդեն այսօր սկսել է Առողջապահության Նախարարությունը՝ մշակելով կլինիկական ուղեցույցներ:

–  Իսկ նշված ուղղություններով Դուք տարե՞լ եք որևիցե աշխատանք:

–  Նախարարության հրամանը կատարել ենք և շարունակում ենք կատարել, չնայած որ դաշտի անհավասարության պատճառով կրում ենք ֆինանսական կորուստներ: Իսկ շահում են նրանք ովքեր անտեսում են այդ հրամանը:

Կրթական ծրագրերի վերաբերյալ հարկ է նշել, որ անցած երկու տարիների ընթացքում մեր կենտրոնի կողմից կազմակերպվել և էքսպերտների մակարդակով անցկացվել են բազմաթիվ սեմինարներ, որոնք ունեին ինչպես նեղ մասնագիտական բնույթ, այնպես էլ նվիրված էին էլեկտրոնային առողջապահությանը և ախտորոշիչ հետազոտությունների ընթացքում անձնակազմի և հիվանդի ճառագայթային անվտանգությանը:

Միևնույն ժամանակ հպարտությամբ պետք է նշեմ, որ մոտակա օրերին տարածաշրջանում առաջին անգամ կկայանան Եվրոպական Ռադիոլոգիայի Դպրոցի դասընթացներ և գործնական պարապմունքներ, որին բացի տեղացի մասնագետներից կմասնակցեն նաև արտերկրից ժամանող մի քանի տասնյակ ռադիոլոգներ:

Այդ միջոցառման մանրամասները և կլինիկական ուղեցույցների ներդրման ուղիները այնքան ծավալուն թեմա են, որ առանձին քննարկման նյութ են կազմում:

–  Դե ի՛նչ, ցանկանում եմ Ձեր կազմակերպած միջոցառմանը բարի ընթացք:

–  Շնորհակալություն:

Սկզբնաղբյուր. slaq.am

 

2017-06-27

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »