Հայերեն | Русский | English

Եվրոպական Ռադիոլոգիական Դպրոցը (ESOR) Հայաստանում

2017-08-15

Հունիսի 29-ին և 30-ին Երևանում անցկացվեցին Ռադիոլոգների Եվրոպական Դպրոցի  «Որովայնի խոռոչի հետազոտությունների ընդլայնված տեսապատկերումը» թեմայով դասընթացները, որին մասնակցեցին ու մասնագիտական փորձով կիսվեցին Հայաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից և Հունաստանից  ժամանած ռադիոլոգներ: Այդ կապակցությամբ զրուցեցինք տվյալ դասընթացի նախաձեռնող և կազմակերպիչ-համանախագահ, ՀՀ-ում Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հիմնադիր,  բժիշկ-ռադիոլոգ, «Ուլտրաիմիջինգ» կենտրոնի  բժշկական գծով տնօրեն, բ.գ.թ., Արամ Քոչարյանի հետ:

–   Պարոն Քոչարյան,  ի՞նչը դրդեց Ձեզ հրավիրել Եվրոպական Ռադիոլոգիական Դպրոցը Հայաստան և կազմակերպել այս դասընթացները։

–  Նախ և առաջ, ցանկացած երկրի համար դա պատվաբեր է; Սա ցույց է տալիս, որ տվյալ երկրի ռադիոլոգիական հանրությունը հասել է այն մակարդակի, որ ունակ է ընկալել և յուրացնել նման կարգի նյութ։ Երկրորդ դրդապատճառն եղել է այն, որ 20 տարիների ընթացքում, մասնակցելով տարբեեր երկրներում  տարեկան չորսից ավել վերապատրաստումների և կարճատև դասընթացների կանգ առա հենց այս կուրսերի  վրա և իզուր չէ, որ վերջին  տարիներին   մենք, «Ուլտրաիմիջինգ» կենտրոնի աշխատակիցներս, մասնակցել ենք ընդհանուր առմամբ 7 ESOR կուրսերի։ Գալիս է ինչ-որ մի պահ երբ ուզում ես որ քո հայրենակից գործընկերները, ովքեր հնարավորություն չունեն մեկնել արտերկիր վերապատրաստման, ևս մասնակից լինեն նման բարձրորակ և հեղինակավոր ուսուցողական միջոցառմանը։ Եվ, չնայած բազում կազմակերպչական դժվարությունների, դու նպատակ ես դնում և իրականացնում ցանկությունդ։

 

–  Ի՞նչ պատճառով ընտրվեց հատկապես որովայնի խոռոչի հետազոտությունների թեման:

–  Ընտրությունը երկարատև մտորումների և մինչ այժմ ունկնդրած դասընթացների մանրակրկիտ համեմատության արդյունք է; Պատճառն այն է, որ Հայաստանում բավականին մեծ տարածում ունեն այդ հատվածի հիվանդությունները: Հայերիս մոտ գերակշռում է տարբեր առիթների ժամանակ թունդ ոգելից խմիչքների օգտագործումը, սակայն ապացուցված է, որ դրանք առաջացնում են կերակրափողի և ստամոքսի ախտահարումներ։ Մեզանում նախընտրելի սննդակարգերը և անկանոն սնվելու սովորությունը շատ հաճախ լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների պատճառ են դառնում: Միևնուն ժամանակ բավականին բարձր է ծխելու մակարդակը, ինչը կարևոր դերակատարում ունի միզուղիների քաղցկեղի առաջացման գործընթացում: Այդ իսկ պատճառով շատ ռադիոլոգներ առընչվում են նմանատիպ հիվանդությունների հետ և կարիք ունեն գիտելիքների թարմացման և ժամանակակից մոտեցումներին համապատասխանող  հմտություններով հարստացման:

–  Նկատելի էր ունկնդիրների պատկառելի թիվը: Կարո՞ղ եք մանրամասնել:

–  Ունկնդիրների թիվը 80-ն էր, որից 20-ը Հայաստանից էին: Ներկա էր այդ կառույցի նախագահը, պրոֆեսոր Ն. Գոուրծույաննիսը, որին Եվրոպական Ռադիոլոգիական Կոնգրեսի պլենար նիստերին բազմամարդ դահլիճները դիմավորում են հոտնկայս, չդադարող, բուռն ծափողջյուններով։ Ընդ որում հարկ եմ համարում նշել, որ Եվրոպական Կոնգրեսը մի տեսակ ուխտատեղի է, որի մասնակիցների թիվն այս տարի հասավ մոտ 25 հազարի։ Ռադիոլոգիական Դպրոցի Նախագահի հետ Երևան էր ժամանել Եվրոպական Կոնգրեսի էքս-պրեզիդենտ ՌԴ Ռադիոլոգների Ասոցիացիայի ղեկավար, պրոֆեսոր, Վ Սինիցինը: Դասախոսությունները և ինտերակտիվ գործնական պարապմունքները վստահված էր 8 միջազգային հեղինակավոր փորձագետների Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից և Շվեյցարիայից:

Մեզ հետաքրքրող հարցերով դիմեցինք նաև Եվրոպական Կոնգրեսի էքս-պրեզիդենտ, ՌԴ  Ռադիոլոգների  Ասոցիացիայի  նախագահ,  բ.գ.դ.,  պրոֆեսոր,  Վ․Սինիցինին:

–  Պարոն Սինիցին, ի՞նչով էր առանձնահատուկ այս Երևանյան դասընթացը:

–  Ներկայացված էին խորագրին համապատասխան ու բժիշկներին հետաքրքրող մեկը մյուսից հրատապ ու ակտուալ թեմաներ: Վերջին տարիներին Հայաստանում անց են կացվում միջազգային բազմաթիվ իրադարձություններ: Թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց բժիշկները բավականին ակտիվ են: Վերջին անգամ այստեղ եղել եմ հինգ տարի առաջ, դարձյալ Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ. ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա պարզապես հիացած ու դրականորեն զարմացած եմ նման առաջընթացով, որը պայմանավորված է նաև նրանով, որ բժիշկները տիրապետում են օտար լեզուներին և կարողանում են միջազգային մակարդակով շփվել:

–  Ինչպիսի՞ ընթացք ունեցան պարապմունքները:

–  Պարապմունքներն անցան բավականին հետաքրքիր: Եթե ժամանակին վերապատրաստումը տևում էր ամիսներ, ապա այս տիպի դասընթացների ու լավ մասնագետների շնորհիվ բժիշկները հնարավորություն են ունենում կարճ ժամանակում մեծ արդյունքներ գրանցել ։ Յուրաքանչյուր զեկուցող կարդում էր հասկանալի և հետաքրքիր զեկույց, ներկայացվում էին նաև եզակի կլինիկական դեպքեր: : Ճառագայթային ախտորոշման գաղտնիքներին սովորում են պրակտիկ գործունեության շնորհիվ: Հարկավոր է կիսվել պրակտիկ գիտելիքներով, որ հազվադեպ դեպքերի հանդիպելիս շատ արագ ու ճիշտ կողմնորոշվել Առանձնահատկությունը նաև նրանում էր, որ ներկայացված նյութը փոքր խմբերում քննարկվում էր մասնակիցների հետ, հնչում էին հարցեր ու կարծիքներ:

–  Ի՞նչ առաջընթացներ կապահովի Հայաստանի համար ռադիոլոգիայի ոլորտում այս միջոցառումը:

–  Սա ո՛չ միայն գիտական միջոցառում է, այլև հստակ, անգնահատելի և պաշտոնական մեծ քայլ  դեպի եվրոպական հարթակներ: Սրանով Հայաստանը ընդլայնում է դեպի դուրս իր հնարավորությունները: Այս իրադարձության շնորհիվ կապերը շատ ավելի ամուր կդառնան: Սա կարևոր ձեռքբերում է բժիշկներին ու ոլորտը զարգացնելու համար:

Հաջորդ զրուցակցի, գլխավոր հովանավոր «Լանցետ» ընկերության ներկայացուցիչ Թամարա Օպուխտինայի հետ խոսեցինք կազմակերպված դասընթացի նպատակի մասին:

–  Ռադիոլոգների Եվրոպական Դպրոցի (ESOR)-ի դասընթացային կուրսը մեկ ընդհանուր ցանց է, որը ծավալում է գործունեություն ամբողջ աշխարհում: Նմանատիպ կուրսերը կազմակերպվում են շատ երկրներում: Նպատակն է` կիսվել նորություններով ու փորձով։

–  Ինչո՞վ է առանձնանում ներկա դասընթացը նախկինում կազմակերպված դասընթացներից: Ի՞նչ կոնցեպցիայով է կազմակերպված մասնագիտական գործնական պարապմունքները:

–  Հիմնական տարբերությունն այն է, որ տեսական դասախոսություններից զատ անցկացվում են գործնական սեմինարներ փոքր խմբերով` 20-22 մասնագետների մասնակցությամբ: Սեմինարի ընթացքում պրակտիկ աշխատանքից կոնկրետ դեպքեր են քննարկվում և ուսումնասիրվում: Դասընթացի ժամանակ հնչում են հարցեր, որոնք էլ ավելի արդյունավետ են դարձնում պրոցեսը: Եվ իհարկե մյուս առանձնահատկությունը Հայաստանյան համանախագահի օրիգինալ և ընդօրինակելի կազմակերպչական մոտեցումներն էին։

–  Ի՞նչ շարունակականություն կունենան դասընթացները մոտ ապագայում:

–  Հայտարարվեց, որ մյուս տարի Հայաստանը լինելու է եվրոպական երկրների ուշադրության կենտրոնում: Նախատեսվում է մասնագիտական աջակցություն բժիշկներին: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ արտերկրի պրոֆեսուրաի հետ:

2017-08-15

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »