Հայերեն | Русский | English

Ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզ. հիվանդության պատճառները, հիմնական ախտանիշները, կանխարգելումը

2018-01-25

Առավել հաճախ ստորին վերջույթների երակներն ախտահարվում են այնպիսի հիվանդությամբ, որի ժամանակ վերջիններիս լուսանցքը խցանվում է արյունային մակարդուկով՝ թրոմբով: Հիվանդությունը կարող է բերել ծանր բարդությունների զարգացման:

Ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզի պատճառները

Ստորին վերջույթների երակների թրոմբոզի հիմնական պատճառներն են՝ արյան բարձր մակարդելիությունը, անոթների պատերի տարբեր ծագման ախտահարումները, անոթներով արյան հոսքի դանդաղումը: Նպաստող գործոններին են պատկանում՝ բարձր տարիքը, ճարպակալումը, վիրահատական միջամտությունները, ծխելը, որոշ հորմոնային դեղամիջոցների ընդունումը, ծանր կոտրվածքները, գերսառեցումը,վարակիչ հիվանդությունները, երկարատև անկողնային ռեժիմը:

Ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզի ախտանիշները

Հիվանդության ախտանիշային դրսևորումներն են՝  ստորին վերջույթների խիստ արտահայտված այտուցների առաջացումը՝ թրոմբի առաջացման տեղում, ոտքերում ծանրության զգացումը, ախտահարված հատվածում մաշկի գույնի զգալի փոփոխությունը, հիվանդին կարող են անհանգստացնել ոտքերի մկաններում պարբերաբար առաջացող ցավերը, որոնք ուժեղանում են քայլելիս կամ կանգնած դիրքում:

Որոշ դեպքերում հնարավոր է նաև հիվանդության անախտանիշ ընթացք: Հիվանդության բնորոշ ախտանիշների առաջացումը հիմնականում կապված է բարդությունների զարգացման հետ:

Ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզի ախտորոշումը

Իրականացվում է հիվանդի գանգատների, հիվանդության պատմության, կյանքի և ընտանեկան անամնեզի վերլուծություն: Կատարվում է ֆիզիկական զննում, արյան ընդհանուր քննություն, կոագուլոգրամմա: Գործիքային հետազոտություններից իրականացվում են՝ ստորին վերջույթների երակների գերձայնային դուպլեքս սքանավորում, ռենտգեն-կոնտրաստային ֆլեբոգրաֆիա, մագնիսառեզոնանսային անգիոգրաֆիա, թոքերի ռենտգեն հետազոտում:

Ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզի կանխարգելումը

Մեղմ (խնայող) ֆիզիկական վարժությունների իրականացում՝ ստորին վերջույթների մկանների տոնուսի լավացման նպատակով, ճնշող գուլպաների և կիսագուլպաների, ինչպես նաև էլաստիկ բինտերի կիրառում:

2018-01-25

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »