Հայերեն | Русский | English

«Ուլտրաիմիջինգ» բժշկական կենտրոնը անցկացրեց գիտելիքի օրվան նվիրված սեմինար՝ Պրոկոպի և Լանիադոյի մասնակցությամբ

2018-09-06

«Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնի բժշկական տնօրեն, ՀՀ-ում ՄՌՏ-ի հիմնադիր Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին կայացավ գիտագործնական սեմինար՝ հանրահռչակ մասնագետներ, Եվրոպայի և ԱՄՆ-ի ռադիոլոգների կողմից ճանաչված առաջնակարգ փորձագետներ, տարբեր լեզուներով թարգմանված դասագրքերի և մենագրությունների, ինչպես նաև տեսությունների հեղինակներ, պրոֆեսորներ Նիդերլանդների Ռադբուդի համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ Մաթիաս Պրոկոպի և Գերմանիայի Դաշնության ռադիոլոգիական ասոցիացիայի նախկին նախագահ, Դրեզդենի համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ Միխայել Լանիադոյի մասնակցությամբ: Սեմինարը կրում էր «Հիշենք Բաբելոնը, խոսենք նույն լեզվով» խորագիրը:

«Ռադիոլոգները  ինչպես միմյանց հետ, այնպես էլ նյարդաբանների, թոքաբանների և այլ մասնագետների հետ հարկ է խոսեն նույն լեզվով»,- Արամ Քոչարյան

–   Բանն այն է, որ մեր  ռադիոլոգները մասնագիտացել են հիմնականում Հայաստանում, շատ քչերը նախկին Խորհրդային երկրներում և եզակիները՝ Եվրոպայում և առավել ևս ԱՄՆ-ում, ինչի պատճառով էլ հաճախ տարբերություններ են ծագում հետազոտությունների արդյունքների եզրակացությունները մեկնաբանելիս, և բուժող բժիշկը երբեմն չի կարողանում կողմնորոշվել, թե ինչի մասին է խոսքը, մինչդեռ աշխարհը վաղուց ահռելի միջոցներ է ծախսել ու մշակել չափորոշիչներ, որոնք համապատասխանում  են  ապացուցողական  բժշկության պահանջներին։
Այս սեմինարն ուղղված է նրան, որ մեր հարգարժան հյուրերը, ովքեր աշխարհում  համարվում են ծայրահեղ պահանջված մասնագետներ և դասախոսներ, մեզ ներկայացնեն իրենց փորձը և ո՛չ միայն… Նաև մեզ հաղորդակից դարձնեն աշխարհում ընդունված չափորոշիչներին, որոնց ներդրումը խիստ նվազեցնում է սխալվելու հավանականությունը։ Այդ չափորոշիչները կիրառելու դեպքում մեր եզրակացությունները կհամապատասխանեն վերոնշյալ ստանդարտներին, կդառնան համեմատելի և հասկանալի բոլորի համար։


Անշուշտ, վերապատրաստվելն արտասահմանում բավականին ծախսատար է:  Philips ընկերության հովանավորության շնորհիվ հրավիրելով հեղինակավոր մասնագետներին, փորձեցինք կոմպենսացնել այդ հանգամանքը և ուղիղ կապի միջոցով ծանոթացնել մեր գործընկերներին աշխարհում ընդունված մոտեցումներին։


Եվ կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց, քանի որ դասախոսությունների վերջում լսարանը գործնական պարապմունքների ժամանակ ակտիվորեն և շահագրգռված արձագանքում էր հարցադրումներին։
Չնայած կազմակերպման ընթացքում առընչվեցինք բազում խոչընդոտների, որոնց մասին «Մեդ-պրակտիկ»-ի ունկնդիրը քաջատեղյակ է, ինքը՝ սեմինարը և նրա արդյունքները գերազանցեցին մեր սպասումները։

«Սովորելու ընթացքում պետք չէ վախենալ սխալվելուց»,- Մաթիաս Պրոկոպ, բժիշկ-ռադիոլոգ, Ռադբուդի համալսարանի Ռադիոլոգիայի և Միջուկային բժշկության ամբիոնի պրոֆեսոր և վարիչ (Նիյմեգեն, Նիդերլանդներ)


–   Սեմինարի առաջին մասը վերաբերում էր նեյրոռադիոլոգիային, իսկ երկրորդ մասն ամբողջությամբ ընդգրկում էր  թոքերի հիվանդությունների ժամանակ ԿՏ հետազոտությունները: Դասախոսություններին հաջորդեցին պրակտիկ ինտերակտիվ պարապմունքները, որոնք հիմնված էին առօրյա օրինակների վրա։ Սկզբում լսարանը կաշկանդված էր։ Ես նրանց ասացի, որ իրենք սովորելու ընթացքում չպետք է վախենան սխալվելուց, քանի որ սխալը շտկելուց հետո նյութը գրեթե հիշվում է ամբողջությամբ և ունկնդիրները դարձան ավելի համարձակ և ծավալվեց երկխոսություն մենախոսության փոխարեն։

Առաջին անգամ եմ գտնվում Հայաստանում: Հայերը շատ հին պատմությունով ժողովուրդ են:

Ինձ հետաքրքիր է ծանոթանալ ժամանակակից  Հայաստանին: Հաճելի էր նաև սեմինարում տեսնել և՛ ավագ, և՛ երիտասարդ սերնդի բժիշկների: Սեմինարի կառուցվածքը ուներ յուրահատկություն, որը կապ էր ստեղծել ռադիոլոգների և այլ մասնագետների միջև, ինչը կարելի է կիրառել ավելի հաճախ։

«Նյարդաբաններին և թոքաբաններին պետք է պարզ լինի, թե մենք՝ ռադիոլոգներս, ի°նչ նկատի ունենք` հետազոտության արդյունքները մեկնաբանելիս և եզրակացությունները ձևակերպելիս»,- Միխայել Լանիադո, բժիշկ-ռադիոլոգ, Գերմանիայի Ռադիոլոգների միության նախկին նախագահ, Դրեզդենի համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ (Դրեզդեն, Գերմանիա)

–   Առաջին հերթին կարևորում եմ այն հանգամանքը, որ լսարանը պատրաստակամ էր նոր բաներ իմանալ, և ես հաճելիորեն զարմացած եմ, թե որքան մարդ է եկել այս սեմինարին և ինչքան էին իրենք ակտիվ։

Ինձ համար նաև հետաքրքիր է տեսնել, թե այլ երկրներում ինչպես է կայանում համագործակցությունը տարբեր մասնագետների միջև: Ցնցված եմ, լավ առումով, թե ի˜նչ բուռն քննարկում տեղի ունեցավ իմ դասախոսությունից հետո:

Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան: Անցյալ տարի եմ եղել Հայաստանում և սիրով համաձայնեցի կրկին գալ, քանի որ երկրի պատմությունը, տեսարժան վայրերը և  բժիշկ Քոչարյանի կազմակերպած միջոցառումները դրդում են դրան։

«Վիրաբույժներիս համար շատ կարևոր է ռադիոլոգների հետ փոխադարձ համագործակցության մեջ գտնվելը»,- Մամիկոն Եղունյան, բժիշկ-նյարդավիրաբույժ, «Էրեբունի» ԲԿ նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ՀՀ Նյարդավիրաբույժների ասոցիացիայի նախագահ


–   Նախ ասեմ, որ շատ ակտուալ էր այս միջոցառումը, որի առաջին մասում  քննարկվեցին ողնաշարային հիվանդությունները և նրանց ժամանակակից մեթոդներով՝ ՄՌՏ, ՀՏ, ախտորոշմանը վերաբերող հարցեր։ Դա, իհարկե՛, բուժման արդյունավետ ռազմավարություն մշակելու նախապայմանն է:


Մեզ` վիրաբույժներիս համար, շատ կարևոր է ռադիոլոգների հետ փոխադարձ համագործակցության մեջ գտնվել: Ինչու՞, որովհետև ռադիոլոգները մեզ տալիս են, ինչպես ես եմ ասում, «փարոսի նման ուղեցույց», որ կարողանանք ճիշտ ու համաչափ գործողություններ կատարել և ավելի մեծ ծավալով օգտակար լինենք մարդու առողջությանը:


Այսօր քննարկվում են ախտորոշման ընթացքում տարբեր մոտեցումներին վերաբերող հարցեր: Խոսքը ոչ թե բժշկի կողմից սխալների մասին է, այլ ռազմավարական, արմատական վերանայման կարիք ունեցող մոտեցումների, որոնք կարող են տարբերվել ռադիոլոգների տրված եզրակացություններում: Այդ առումով շատ հաճելի է, որ պարոն Քոչարյանը կազմակերպել ու հրավիրել է աշխարհահռչակ մասնագետների, որոնց մենագրերը և դասագրքերը ուղեցույց են հանդիսանում ուսանողների և բժիշկների  համար։

«Հայաստանում շատ մեծ վերելք ապրեց բժշկական իմիջինգը»,- Միքայել Նարիմանյան, բժիշկ-թոքաբան, պրոֆեսոր, ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ և ԵՊԲՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ


–   Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում շատ մեծ վերելք է ապրել բժշկական իմիջինգը, ախտորոշման ստանդարտները բարձր են, և դրանց պետք է համապատասխանեցնենք մեր բուժող բժիշկների գիտելիքներն ու ունակությունները, որ ստեղծվի ճիշտ, իրատեսական, արդյունավետ կապ ախտորոշիչ աշխատանքի և բուժական աշխատանքի միջև: Շատ անգամ այդ կապը, ցավոք, չեմ տեսնում, որովհետև այն ախտորոշումները, որոնք օգտագործում են ճառագայթային մասնագետները, երբեմն հակասում են բուժող բժիշկների իմացած դասակարգումներին: Եվ եթե խոսքն այսօր գնում է արձանագրությունների ակտիվ ներդրմանը,  բուժական գործում փոփոխություններ իրականացնելով, ապա նույնը պետք է լինի և ախտորոշիչ գործընթացում: Ես կողմնակից եմ ախտորոշիչ ալգորիթմների կիրառմանը: Իսկ այնպիսի հեղինակություն ունեցող մասնագետի դասախոսությունը, ինչպիսին է պրոֆեսոր Պրոկոպը, մեզ համար մեծ հետաքրքրություն է, շատ մեծ ուրախություն և, հուսով եմ, որ մեկ սեմինարով այս ամենը չի ավարտվի։

2018-09-06

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »